Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց «Ես եմ» ծրագիրը

27.06.2018

 Հունիսի 27-ին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում ՀՀ զինվորական կոմիսարիատի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում մարզպետարանի պաշտոնյաների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների, այս տարվա շրջանավարտ հանդիսացող զորակոչի ենթակա տղաների ու նրանց ծնողների մասնակցությամբ:
Ներկաներին ողջունեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը: Նա տեղեկացրեց, որ հուլիսին կայանալիք ամառային զորակոչի հետ կապված համապատասխան կառույցների նախաձեռնութամբ նմանատիպ հանդիպման կազմակերպման նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի՝ մասնավորապես՝ «Ես եմ» ծրագրի մասին իրազեկումն է:
Ողջույնի խոսք հղեց նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը: Նա նշեց, որ հանդիսանալով պահեստազորի սպա, չափազանց կարևորում է զինվորական պարտադիր ծառայությունը.
-Տղամարդը պետք է պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը: Մեր պատմական ճակատագիրն է մեզ պարտադրել դա և, եթե երբևէ չենք իրականացրել այդ պատգամը, ապա կորցրել ենք հայրենի հողն ու այդ հողի վրա կառուցած տունն էլ, աճեցրած ծառն էլ, իսկ մեր որդիները օտար երկրներում թափառական են դարձել:
Ուստի, զինվորական պատրաստության մեկնող երիտասարդներիդ իմ խնդրանքն ու հորդորն է՝ այս ընթացքում գերազանց տիրապետեք զենքին, մարտական արվեստին, հոգով ու ֆիզիկական ունակ եղեք պաշտպանելու հայրենի հողը, մեր սուրբ մասունքները, մեր ծնողներին, քրոջն ու կրտսեր եղբորը, սիրած աղջիկներին: Բարի ճանապարհ ու բարի վերադարձ ձեզ,- իր խոսքում մասնավորապես նշեց Ա. Խաչատրյանը:
«Ես եմ» ծրագիրը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Նա իր խոսքում նշեց, որ Լոռու մարզն իր առջև դրված զորակոչային առաջադրանքը մշտապես բարձր մակարդակով է իրականացրել, ինչի համար իր երախտագիտությունը հայտնեց բոլոր պատասխանատուներին: Փոխգնդապետը, անդրադառնալով ներկայացվող ծրագրի առավելություններին, նշեց, որ այն նորակոչիկներին ծառայության ավարտից հետո բավականին խոշոր դրամագլուխ ունենալու և յուրաքանչյուր ամիս արձակուրդ գնալու հնարավորություն է տալիս: Հենց տեղում մեկ երիտասարդ ցանկություն հայտնեց օգտվելու ծրագրի ընձեռած հնարավորություններից: ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետը ի պատասխան նշեց, որ Տավուշի մարզից արդեն 6 երիտասարդ է դիմել: Նա հույս հայտնեց, որ երիտասարդների օրինակին շատերը կհետևեն: Ներկաները ծրագրի վերաբերյալ նաև տարաբնույթ հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44