Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին մարզի բուժաշխատողները
21.06.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորեց և շնորհակալագրերով պարգևատրեց մարզի առողջապահական հիմնարկների 17 բուժաշխատողի:
Մարզպետ Հ. Մարգարյանն իր ողջույնի խոսքում չափազանց կարևորեց ամենամարդասիրական մասնագիտության կրողների նվիրումն ու վաստակը՝ իր երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր իսկապես արժանի են բժշկի բարձր կոչմանը.
- Լոռու մարզի առողջապահության ոլորտում քիչ չեն հմուտ մասնագետները, պարտքի և պատասխանատվության զգացմամբ բուժաշխատողները: Ժողովուրդը նրանց գնահատում և վստահում է: Ոլորտում կան նաև ստվերոտ երևույթներ, որոնք արդարացիորեն հարուցում են բնակչության դժգոհությունը: Դրանց նկատմամբ մենք անհաշտ ենք լինելու, և խիստ գնահատական կտրվի անօրինական բոլոր երևույթներին ու բժշկի հեղինակությունն արատավորողներին: Մենք, ձեզ հետ միասին, միայն այդկերպ կարող ենք վերականգնել բժշկի երբեմնի բարձր հեղինակությունը, վստահությունը՝ նրա նկատմամբ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ Լոռու մարզի առողջապահության խնդիրները կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և հնարավոր ամեն ինչ կանենք ոլորտի բարեփոխումների ու զարգացման համար: Ժողովրդին ազնվորեն ծառայող հմուտ բուժաշխատողները չեն անտեսվի և կգնահատվեն ըստ արժանվույն,- իր խոսքում մասնավորապես նշեց մարզի ղեկավարը:
Մարզպետ Հրանտ Մարգարյանը շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բժշկուհի Հասմիկ Առաքելյանին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Անահիտ Թովմասյանին, բուժքույր Անահիտ Սահակյանին, Վանաձորի թիվ 1 համաբուժարանի բուժքույր Անահիտ Միրաքյանին, թիվ 3 համաբուժարանի բժշկուհի Կարինե Իշխանյանին, թիվ 5 համաբուժարանի բուժքույր Վալյա Քոչարյանին, «Գուգարք» կենտրոնական համաբուժարանի բուժքույր Համեստ Սաֆարյանին, Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժշկուհի Իվետա Պետրոսյանին, բուժքույր Զուրելա Պետրոսյանին, Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկուհի Անահիտ Դավթյանին, բուժքույր Հասմիկ Նիկողոսյանին, Սպիտակի բժշկական կենտրոնի բուժքույր Ամալյա Հովհաննիսյանին, բժշկուհի Արմինե Հակոբյանին, Ալավերդու բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Դոխոլյանին, բժշկուհի Սոնյա Մելքոնյանին, Տաշիրի բժշկական կենտրոնի բուժքույր Էլլադա Պետրոսյանին, մանկաբույժ Նունե Պետրոսյանին:
Նա կին բուժաշխատողներին նաև գեղեցիկ ծաղկեփնջեր նվիրեց:
Մասնագիտական տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Բուժաշխատողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին ուշադրության և գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով ասուհետ ևս ծառայել մարզի առողջապահությանը: