Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Առաջնային եմ համարում առողջապահության ոլորտում ստվերային երևույթների բացառումը»

20.06.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ այսօր եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում՝ վերջինիս պայմաններին ու մասնավորապես այստեղ գործող ակնաբուժական կենտրոնի տեխնիկական նոր հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հայկական ակնաբուժական նախագծի կողմից հիմնադրված Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան մարզային ակնաբուժական կենտրոնը Սպիտակի բժշկական կենտրոնում գործունեություն է ծավալում արդեն երկու տարի: Գերժամանակակից սարքավորումների առկայությամբ և հատուկ վերապատրաստում անցած մասնագետների գործունեությամբ մարզում զգալիորեն լուծվել է ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիությունը: Այստեղ մատուցվում են ինչպես վճարովի, այնպես էլ՝ անվճար ծառայություններ՝ սոցիալական հատուկ խմբերի համար: Հուրախություն տարածաշրջանի բնակչության, ակնաբուժական կենտրոնը նոր, գերժամանակակից սարքավորումներով է համալրվել, որոնք եզակի են հանրապետությունում: Մարզպետն իր հիացմունքն արտահայտեց ստեղծված պայմաններից, մատուցված բարձրորակ ծառայությունների որակից՝ կարևորելով ակնաբուժական բարձրորակ ծառայությունների մատուցման հնարավորությունը Լոռու մարզում: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ, նոր սարքավորումների կիրառման, այստեղ մատուցվող լրացուցիչ բուժսպասարկումների շնորհիվ տարեցտարի վճարովի ծառայությունների  զգալի աճ է արձանագրվում:

Մարզի ղեկավարը նաև շրջեց Սպիտակի բժշկական կենտրոնի բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին: Օգտվելով առիթից՝ Հ. Մարգարյանը նրանց շնորհավորեց Բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:  

-Առաջնային եմ համարում առողջապահության ոլորտում ստվերային երևույթների բացառումը, ինչպես նաև հարգալից և համբերատար վերաբերմունքը հիվանդների նկատմամբ,-իր խոսքում մասնավորապես նշեց Հրանտ Մարգարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49