Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահումյանում այսուհետ մանկապարտեզ կգործի

15.06.2018

 Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր ներկա գտնվեց Շահումյան համայնքի մանկապարտեզի բացմանը:
Ավելի քան 20 տարի համայնքի երեխաները զրկված են եղել նախադպրոցական կրթություն և դաստիարակություն ստանալու հնարավորությունից: Թեև 2012թ.-ին «Կրթության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում գյուղի դպրոցում բացվել է նախակրթարան, սակայն այն նախատեսված է միայն 5-6 տարեկան երեխաների համար: Եվ այսօր համայնքի նախաձեռնողականության, «Շեն» բարեգործական կազմակերպության՝ ի դեմս վարչության նախագահ Հայկ Մինասյանի, ֆրանսիահայ բարերար Հրայր Հրաչեանի շնորհիվ մանկապարտեզը պատրաստ է իր գիրկն առնել 25 երեխայի: Այն ամբողջությամբ կահավորվել և հարդարվել է: Մանկապարտեզը կգործի համայնքային կենտրոնում: Մարզպետ Հ. Մարգարյանն իր ողջույնի խոսքում՝ շնորհավորեց շահումյանցիներին նորամուտի կապակցությամբ:
Նա իր երախտագիտության խոսքը հղեց ինչպես «Շեն» բարեգործական կազմակերպությանը և բարերար Հրայր Հրաչեանին, այնպես էլ՝ համայնքի ղեկավարին և համայնքապետարանի աշխատակազմին նախաձեռնողականության ցուցաբերման համար:
- Ես չափազանց արժևորում եմ նախադպրոցական կրթության դերն ու նշանակությունը երեխաների զարգացման գործում: Ծրագիրը կարևորվում է նաև աշխատատեղերի ստեղծման առումով: Նախակրթարանի ստեղծմամբ այսուհետ աշխատանք կունենա համայնքի 5 բնակիչ, ինչը ևս մեծ ձեռքբերում է: Մաղթում եմ ձեզ բարի երթ այս շատ պատասխանատու գործում,-ասաց մարզի ղեկավարը:
Իր օրհնության խոսքը շահումյանցիներին և շնորհակալական խոսքը բարերարներին հղեց նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա, օգտվելով առիթից, շնորհավորեց նաև նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ մարզի բնակչության և նրանց բարեկեցության:
Շահումյանցիներին շնորհավորեցին Հայկ Մինասյանը, Հրայր Հրաչեանը՝ նշելով, որ պատրաստակամ են նաև հետագայում համագործակցել համայնքի հետ:
Բոլոր բարերարներին և աջակցողներին շնորհակալական խոսքեր հղեց համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:
Օրն արժևորվեց երկու այլ միջոցառումներով ևս. համայնքի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեցին Միասնության և համերաշխության պուրակը, որտեղ տեղադրվել է նաև խաղաղության խորհրդանիշ աղավնու և Մասիսի ու Սիսի պատկերով հուշաքար՝ ի նշան Հայաստան-Սփյուռք բարեկամության, ինչպես նաև համայնքի պատմության թանգարանը, որտեղ տեղ են գտել համայնքի պատմության հետ կապված տարբեր ցուցանմուշներ: Ներկաները շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով ցուցանմուշներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06