Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ. «Հիվանդին հենց մուտքից գնացուցակով ողջունելը անընդունելի մոտեցում է»
13.06.2018
Այսօր՝ հունիսի 13-ին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Վանաձոր բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայությունների մասնաշենքում: Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի հետ մարզպետը շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ բուժանձնակազմի հետ:
Օրերս մարզպետի կողմից հանձնարարական էր տրվել բժշկական խորհրդատվության գնացուցակը բժիշկների աշխատասենյակների մուտքերի մոտից հանել՝ հիմնավորմամբ, որ հիվանդին հենց մուտքից գնացուցակով ողջունելն անընդունելի մոտեցում է: Հանձնարարականն ընդունվել էր ի գիտություն, այդ մասին իր խոսքում նշեց նաև մարզպետ Հ. Մարգարյանը: Նա բժիշկների հետ զրուցեց բուժհաստատությունում առկա խնդիրների մասին՝ հիմնականում պայմանների բացակայություն, որոշ սարքավորումների արդիականացման անհրաժեշտություն, դեղորայքի որակ, համոզմունք հայտնելով, որ նոր բժշկական կենտրոնի կառուցումից հետո դրանք աստիճանաբար լուծում կստանան: Նոր հանձնարարականներ տրվեցին այս հարցերին ևս ուշադրություն դարձնելու ուղղորդմամբ:
Շրջայցից հետո մարզպետը զրուցեց բաժանմունքների վարիչների և բժիշկների հետ: Նա նշեց, որ առանձնակի հարգանքով ու պատկառանքով է վերաբերվում բժիշկներին:
-Բժիշկը հիվանդների վճարումների հետ որեւէ առնչություն չպետք է ունենա, և այս խնդիրը պետք է մեկընդմիշտ կանոնակարգվի,- ասաց Հրանտ Մարգարյանը: