Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
11.06.2018
Այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նա մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ խորհրդական Հրաչիկ Ղամբարյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Օրակարգի առաջին հարցով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում համապատասխան գերատեսչություններից բավականին թվով հանձնարարականներ են ստացվել, որոնք ժամկետների մեջ են, և համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դրանց կատարմամբ: Ն. Սարգսյանի տեղեկացմամբ, քիչ չեն նաև տարբեր համայնքներից ստացվող գրությունները, տարբեր խնդիրների հետ կապված դիմումները և նշեց, որ մարզի ղեկավարի հանձնարարությամբ շաբաթ և կիրակի օրերին մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները գնացել են տարբեր դիմումների հետքերով, փորձել լուծումներ գտնել տեղերում: Հ. Մարգարյանը հանձնարարեց հետևողականորեն զբաղվել բոլոր դիմում-բողոքներով և աշխատանքներն իրականացնել թափանցիկ:
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանն անդրադարձավ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 424-Ն որոշման կատարման ընթացքին(ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, ՀՀ 2018թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավության 2017թ. դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին)՝ նշելով, որ առկա խնդիրներն առաջիկայում կքննարկվեն կառավարությունում: Լ.Ասլանյանը ներկայացրեց նաև «Սմարթ» դասարանների կառուցման և կահավորման ծրագրի ընթացքը՝ նշելով, որ ներկա դրությամբ պատրաստ են շահագործման «Սմարթ» դասասենյակներ նաև Լեռնահովիտ, Լեռնապատ, Օձուն և Գուգարք համայնքներում:
Սեփական եկամուտների կատարման ընթացքի մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա նշեց, որ հունիսի 8-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 33,7 տոկոս, հողի հարկինը՝ 6,8 և գույքահարկինը՝ 20,5 տոկոս: Կիսամյակային տվյալներով մարզը պլանային ցուցանիշերից ետ է մնում սեփական եկամուտների մասով 209 մլն դրամով, հողի հարկի՝ 42 մլն և գույքահարկի մասով՝ 92 մլն դրամով:
Մարզի ղեկավարը նշեց, որ առաջիկայում հանդիպում-քննարկումներ կանցկացնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև խոշոր հարկատուների հետ՝ առկա բացը լրացնելու նպատակով: Նա այս առումով կարևորեց նաև բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը և վստահության ամրապնդումը ներկայիս իշխանությունների հանդեպ:
Հունիսի 1-ի դրությամբ մարզի առողջապահական ընկերությունների վճարովի ծառայությունների մուտքերը ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատությամբ մուտքերն ավելացել են ավելի քան 11 տոկոսով:
Հ. Մարգարյանը վարչության պետին հանձնարարեց հետևողական լինել առողջապահական ընկերություններում կարգապահության բարձրացմանը.
-Բուժաշխատողները պետք է խիստ հարգալից վերաբերմունք ցուցաբերեն հիվանդների նկատմամբ: Սա իմ հստակ պահանջն է,-ասաց մարզպետը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը ներկայացրեց Լոռու մարզի պետական հանրակրթական դպրոցներում պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպումը և անցկացումը: Նա նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանին համապատասխան 2017-2018 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական և միասնական քննությունները Լոռու մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անց են կացվում 2018 թվականի հունիսի 1-ից 28-ը ընկած ժամանակահատվածում:
2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննություններին Լոռու մարզի պետական հանրակրթական դպրոցներից մասնակցում է թվով 2667 սովորող, պետական ավարտական քննություններին՝ 738 սովորող, միասնական քննություններին՝ 432 սովորող:
Մարզային ենթակայության բոլոր դպրոցները ստացել են շրջաբերական՝ նաև քննությունների ընթացքում հնարավորինս բացառելու ապօրինի դրամահավաքը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները քննությունների ընթացքում կայցելեն դպրոցներ՝ վերահսկելու ընթացքը:
Ա. Մատինյանն անդրադարձավ նաև 2017-2018 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներին: Նա նշեց, որ օլիմպիադաները անց են կացվել 12 առարկայից, մարզային փուլին մասնակցել է 690, հանրապետական փուլի՝ 120 աշակերտ: Մրցանակակիր է դարձել 32 աշակերտ:
Ինչ վերաբերում է «Կորյուն» ռազմամարզական խաղերի արդյունքներին, ապա Ա. Մատինյանը տեղեկացրեց, որ հանրապետական փուլում Լոռու մարզի թիմը գրավել է առաջին տեղը, իսկ թիմի անդամ Վիլյամ Բոջուկյանը պարգևատրվել է մեդալով՝ կրակային մրցումների ժամանակ լավագույն արդյունքը ցուցաբերելու համար: Մարզային թիմը պարգևատրվել է առաջին տեղի համար գավաթով, և բոլոր անդամները՝ այդ թվում նաև ղեկավարներ՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Հ. Եղիազարյանը և ՀՀ ԿԳՆ Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան ավագ դպրոցի զինղեկ Հ.Բաբայանը արժանացել են նվերների:
Համայնքների կողմից պետական սուբվենցիա ստանալու համար ծրագրային գործընթացը ներկայացրեց Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա նշեց, որ ներկա դրությամբ մարզի 11 համայնքից 17 ծրագիր է ներկայացվել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որից առայժմ կառավարության հավանությանն է արժանացել 9 ծրագիր:
-Այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են մարզի զարգացմանը պետք է կյանքի կոչվեն: Լավագույն ծրագրերի առկայության դեպքում ներդրողներ անպայման կլինեն,-ասաց մարզպետը՝ կարևորելով համայնքների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացման ակտիվության խթանումը: Նա նաև նշեց, որ առաջիկայում կհայտարարվի մի քանի ներդրումային ծրագրերի մեկնարկի մասին, որոնց վերաբերյալ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Անդրադարձ կատարվեց նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և ամառային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: