Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար մարում է
07.06.2018
Երեկ՝ հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվեց 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացվեց ԱԻՆ-ի կողմից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել էր Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ: Երկրաշարժին հաջորդեց 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: Բնակչության խուճապը մեղմելու նպատակով նույն օրը ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոտոմյանը՝ ուղերձ էր տարածել կոչ անելով բնակչությանը խուճապի չմատնմվել, իսկ այսօր նա ԱԻՆ ծառայությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Վանաձոր և խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում:
Նախարարին ողջունեց և արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը:
Նախարարն իր խոսքում նշեց, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով սեյսմիկ ռեժիմի վերլուծություն։
-ՀՀ ԱԻՆ սեյսմաբաններն արձանագրել են, որ Սպիտակ քաղաքի մերձակայքում տեղակայված գլխավոր օջախի ցնցումից հետո արձանագրված հետցնցումներն իրենց բալային ուժգնությամբ ավելի թույլ են, ինչը նշանակում է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար դուրս է գալիս և երկրակեղևը հանգստանում է։ Թեև հասկանալի պատճառներով ցնցումներն անհանգստացրել են մեր հայրենակիցներին, ուզում եմ նշել, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ և ավերիչ չի համարվում։ ԱԻ նախարարությունը՝ հանձինս նախարարի և սեյսմիկ ոլորտի մասնագետների, շարունակելու է իրավիճակի շուրջօրյա վերահսկողությունը։ Սիրելի քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր շուրջօրյա աշխատանքի նպատակն է,-ասաց նա։
Նախարարության համապատասխան ծառայությունների պետերը ևս նշեցին, որ հայտարարված է արտակարգ իրավիճակ, իրականացնում են իրավիճակի շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն և ուրախալին այն է, որ երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար մարում է: