Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին
04.06.2018
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպում ունենալ նաև մարզի համայնքների ղեկավարների հետ ավելի հանգամանալի քննարկում անցկացնելու նպատակով:
-Ես մշտապես բաց ու հասանելի եմ լինելու համայնքների ղեկավարների համար,-ասաց Ս. Պապիկյանը՝ կարևորելով հատկապես համայնք-մարզպետարան-կառավարություն կապը պետության առջև ծառացած օրախնդիր հարցերի լուծման ճանապարհին:
-Ձեր թափանցիկ գործունեությունը պետք է դառնա վաղվա Հայաստանի ամուր հիմքը: Առաջիկայում ձեզ կներկայացնենք մի ծրագիր, որը կոչվում է համայնքների օտարվող հողերի օնլայն հարթակ: Յուրաքանչյուր համայնք այսուհետ տարեսկզբին ներկայացնելու է համայնքներից օտարվող հողերի և գույքի տարեկան պլան: Դրանք պետք է ներառվեն մեկ օնլայն հարթակում, որպեսզի բոլորը՝ թե՛ ՀՀ բնակիչները և թե՛ օտարերկրյա մեր հայրենակիցները կարողանան տեղեկություններ ստանալ,- դիմելով համայնքների ղեկավարներին՝ ասաց նախարարը:
Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն որի, յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ: Վերջինս հնարավորություն կտա ներդրումներ կատարելու սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին:
Մարզպետ Հրանտ Մարգարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար և պատրաստակամություն հայտնեց մարզխորհրդի ու համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականության, նախարարի կողմից հնչեցված ցուցումներին.
-Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ծանր, պատասխանատու և պատվավոր պարտականություն:
Այդ գործին ես լծվում եմ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, այդ գործին նվիրվելու եմ իմ ողջ ավյունով, փորձով ու գիտելիքներով:
Գործելու եմ անկաշառ, առավել թափանցիկ և նույն պահանջը լինելու է յուրաքանչյուրից և, հատկապես, պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներից ու աշխատողներից,-ասաց մարզպետը:
Ա.Նալբանդյանն իր հերթին շնորհավերեց նորանշանակ մարզպետին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: