Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լիարժեքորեն կարելի է հայտարարել. նպատակը իրականություն է դառնում
30.05.2018
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից ընդամենը տարիուկես առաջ Լոռին «Սմարթ» հայտարարելու գաղափարի ամբողջական շղթան օրեցօր առավել կուռ ու հաստատուն է դառնում, և արդեն լիարժեքորեն կարելի է հայտարարել. նպատակը իրականություն է դառնում: Վանաձորում լարժեքորեն գործում է տեխնոլոգիական կենտրոնը, մարզի 23 դպրոցներ արդեն ունեն վերանորոգված ու կահավորված «Սմարթ» դասարաններ ու ժամանակակից մեթոդներով դասեր են անցկացնում, նաև հեռավար դասեր կազմակերպում: Մյուս դպրոցները, հուսով ենք, նույնպես նախանձախնդիր կգտնվեն և միջոցներ տնտեսելով կունենան նույնանման դասասենյակներ կամ ստեղծագործարաններ: Այս տարվանից գաղափարը պետք է կյանքի կոչվի նաև նախադպրոցական կրթական հաստատություններում և Վանաձորի մշակութային կենտրոններից մեկում արդեն իսկ գործում է «Սմարթ» սենյակ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ու վերջապես ընդամենը օրեր առաջ Դեբեդի գեղատեսիլ հովտում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից իր դռները բացեց «Սմարթ» կենտրոնը, որը ոչ ֆորմալ կրթության միջոցով հնարավորություն ունի կրթելու ու զարգացնելու 150 հազար երեխաների ու երիտասարդների հարակից գյուղական համայնքներից:
Սկիզբը, որը հեռահար նպատակ ունի, իսկապես խոստումնալից է:
Չնայած ուսումնական տարին արդեն ավարտված կարելի է համարել, բայց Վանաձորի թիվ 1 և թիվ 8 հիմնական դպրոցներըը ևս շտապում է հայտարարել, որ «Սմարթ» դասասենյակներն արդեն պատրաստ է գործելու ու դպրոցի աշակերտներին կծառայեն արդեն նոր ուսումնական տարում:
Բացման արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաները, մանկավարժներ, աշակերտներ և հյուրեր: Նրանք ծանոթանում են ստեղծված պայմաններին և հույս հայտնում, որ դրանք իսկապես կծառայեն նպատակին: Աշակերտներն էլ իրենց ուսուցիչների ղեկավարությամբ ի ցույց են դնում իրենց գիտելիքները:
-Այսուհետ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հաճախ են դասեր անցկացնելու,- վստահեցնումում են ուսուցիչները: Մարզի ղեկավարն էլ հույս է հայտնում, որ նախաձեռնությունը կիսատ չի մնա և կվարակի նաև մյուս կրթօջախներին:
Օրը նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ ևս: Ամիսներ առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Լոռու մարզպետարանը նկատի ունենալով ՏՏ ոլորտի արդի պահանջները, հաշվի առնելով առկա մարտահրավերները և նպատակ հետապնդելով զարգացնել հանրակրթական դպրոցներում դպրոցականների՝ ՏՀՏ գիտելիքները, կարողությունները և հմտությունները մեկնարկեցին Լոռու մարզի ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք անցկացվեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կենտրոնի մասնագետների կողմից: Թվով 14 ուսուցիչներ արդեն իսկ լիարժեքորեն ավարտել են դասընթացները և մարզի ղեկավարի կողմից ստանում են վկայականներ:
-Ծրագիրը շարունակական կլինի,- վստահեցնում են պատասխանատուները: