Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի գլխավոր միջոցառումները՝ Վանաձորում

29.05.2018

 Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի գլխավոր միջոցառումները Վանաձորում մեկնարկեցին մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան: Տոնակատարությունը կազմակերպվել էր առանձնակի հանդիսավորությամբ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, Երկրապահկամավորական միության ներկայացուցիչները, հյուրերը ժամանեցին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք:
Այնուհետև ներկաները շարժվեցին դեպի Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածք, որտեղ էլ մեկնարկեց բուն միջոցառումը:
Հանրապետական, մարզային և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին և ծաղիկների խոնարհվեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողի մոտ: Հանդիսավորությամբ բացվեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված խաչքարը:
Այնուհետև հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր հայրերի՝ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների:
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասի ստորաբաժանումները և ԵԿՄ ստորաբաժանումները տարածքում կատարեցին զինվորական շարանցում:
Կեսօրին Կոտրած եկեղեցու տարածքում մեկնարկեց Հայաստանի առաջին Հանրապետության 100 - ամյակին նվիրված հատուկ նիստը. ներս բերվեց ՀՀ պետական դրոշը և նիստը հայտարարվեց բացված: Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո ներկաներին օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Լոռեցիներին տոնի կապակցությամբ շնորհավորեցին և պատմական էքսկուրս կատարելով՝ 100-ամյա վաղեմության իրողություններն իր ելույթում ներկայացրեցին Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը: Ելույթներից հետո դուրս բերվեց պետական դրոշը և նիստը հայտարարվեց փակված:
Տոնակատարությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Տոնակատարության առթիվ հատուկ բեմադրված թատերականացված տեսարաններն ամբողջոթայմբ արտահայտում էին հաղթական ճակատամարտի իրողությունները, ինչը մեծ ոգևորություն և հուզմունք պատճառեց բոլոր ներկաներին:
Հանդիսատեսը հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասի կողմից ցուցադրվող զինվորական տեխնիկային և զինատեսակներին:
Օրվա երկրորդ կեսին ներկաները ուղևորվեցին Կամակատար եկեղեցի, որտեղ կատարվեց միասնական մոմավառություն և հնչեց միասնական աղոթք:
Տոնական օրն առանձնացավ մի կարևոր իրադարձությամբ ևս. Վանաձորի տիկնիկային թատրոնի հարակից այգին անվանակոչվեց Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի այգի:
Հաջորդ օրը երեկոյան տոնակատարությունը շարունակվեց Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում, որտեղ տեղի ունեցավ տոնական համերգ՝ Վանաձորի կատարողական խմբերի, անհատ ստեղծագործողների և Երևանից ժամանած արտիստների մասնակցությամբ:
Տոնակատարությունը ավարտվեց հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17