Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը բացեց իր դռները
29.05.2018
Շուրջ երկու տարի առաջ Դեբեդի գեղատեսիլ հովտում Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ մեկնարկեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցումը և այժմ այն իր դռներն է բացում առաջավոր երեխաների ու երիտասարդների առաջ:
«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը,- հյուրերին այսպես էր ողջունում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։ Իսկ հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ, Աժ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր:
Մարզի ղեկավարը, ով այս նախաձեռնության հենց սկզբից ցանկացած հարցով կանգնած է եղել կազմակերպության կողքին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չափազանց հուզված է և անսահման ուրախ է, որ ինչ-որ չափով հնարավորություն է ունեցել աջակից լինելու այս կարևոր ծրագրի իրականացմանը: Ա. Նալբանդյանին և մարզպետարանի աշխատակազմին իր շնորհակալությունը հայտնեցին նաև ՔՈԱՖ ներկայացուցիչները:
«Ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երեխաների ու երիտասարդների և մեծահասակների համար։
ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։
Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։
«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրյևը։
ՔՈԱՖԸ համագործակցում է PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաև ռոբոտիկայի և վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։
Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արևային էներգիայի և մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը ևս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» մեդիա գործընկերն է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը։
Գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրիահայ երեխաների գեղարվեստական նկարների ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գրադարանում։ «Մեգերյան կարպետ» ընկերությունը գորգ է նվիրաբերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ» նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիակական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։
ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։