Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Շուշիի հաղթանակի և Երկրապահի օրը
08.05.2018
Այս տարի ևս Վանաձոր քաղաքում` Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ տոնվեց հայության համար կարևորագույն նշանակություն ունեցող Շուշիի հաղթանակի և Երկրապահի օրը:
Թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների: Արարողությանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության ղեկավար կազմը, անդամներ, պատանի երկրապահներ, զինվորականներ և շարքային զինվորներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ուսանողներ, դպրոցականներ և բազում հյուրեր: Իր հայրական օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով:
Միջոցառման ավարտին մարզի ղեկավարը և ներկաներն, իրենց խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին: