Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության 100-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ
16.04.2018
Ոստիկանության հարգելի աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեկդարյա հոբելյանի և Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Անկախ այն բանից, թե ի՞նչ հասարակարգ է եղել հանրապետությունում, Հայոց ոստիկանությունը ծառայել է հարազատ ժողովրդին, եղել է իրավապաշտպանության դիրքերում, հարկ եղած դեպքում նետվել է մարտադաշտ՝ պաշտպանելու հայրենիքը:
Հայոց ոստիկանության 100-ամյա տարեգրությունը հերոսական բազմաթիվ էջեր ունի: Այդ տարեգրությունը խիզախման, անձնվիրության վառ օրինակների հուշամատյան է:
Հարգելի ոստիկաններ, յուրաքանչյուր տարի ձեր մասնագիտական տոնը առիթ է ոչ միայն վերլուծելու և ամփոփելու ձեր դժվարին ծառայության արդյունքները, այլև արժևորելու ձեր այն նվիրումն ու մասնագիտական բարձր հմտությունները, որոնք ի սպաս են դրվում հասարակական կյանքում իրավապաշտպանության, կարգ ու կանոնի պահպանման համար: Պահպանում, որը հաճախ անձնազոհ պաշտպանության դրվագներ է պարունակում:
Ինչպես որ մեր նոր անկախ երկիրը, այնպես էլ՝ նրա ոստիկանությունը, կայացման ու ամրապնդման կարևոր շրջան անցան: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկանները դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ և հերոսական կեցվածք:
Լոռու մարզի ոստիկաններդ, Հայաստանի ոստիկանության շարքում, անցել եք վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Դա մեր պետականության ամրապնդման, իրավապաշտպանության անաղարտության, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:
Ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ և, այսօր, բարեհարմար առիթ է ընդգծելու, որ դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք:
Կրկին շնորհավորելով հոբելյանական տարելիցն ու մասնագիտական տոնը, մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության և առաջընթացի: