Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական չորրորդ շաբաթօրյակի մեկնարկը տրված է
14.04.2018
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր, վաղ առավոտյան, համապետական շաբաթօրյակը մեկնարկել է Լոռու մարզի բոլոր համայնքներում:
Մարզի քաղաքային համայնքներում 9.30-ին կատարվել է տեխնիկական միջոցների ստուգատես, ապա մեկնարկել են աշխատանքներն՝ ըստ նախապես առանձնածված տեղամասերի: Ըստ համայնքներից ստացված տեղեկատվության, շաբաթօրյակին մասնակցում է 110 միավոր տեխնիկա, 15500 մարդ, շուրջ 370 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ այսօր նախատեսվում է մաքրել 125 տեղամաս:
Շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու համար օրեր շարունակ մարզային հեռուստատեսությամբ, մարզպետարանի և համայնքների պաշտոնական կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով, Վանաձորում նաև՝ կենտորոնական պողոտաներում տեղադրված մեծ էկրանների վրա տեղեկատվական և գովազդային հոլովակների միջոցով կոչ է արվել մարզի համայնքների բնակչությանը ևս ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցում են մարզի բոլոր համայնքապետարանները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներ և կազմակերպություններ, ինչպես նաև անհատ բնակիչներ:
Համապետական շաբաթօրյակին մասնակցում է նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Վերջինս մաքրման աշխատանքներ է իրականացնում Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում:
Աշխատանքները մարզում վերահսկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը, ով ևս ներգրավվել է աշխատանքներում: