Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկը տրվել է

09.04.2018

  «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ, աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանն ապրիլի 9-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտնեցին ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկի մասին:
Դեռևս 2011թ.-ին ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» ամերիկաբրազիլական նախաձեռնությանը, որին ներկա պահին միացել է 75 երկիր:
ԲԿԳ նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Մինչ օրս իրականացվել է գործողությունների 3 ծրագիր, և այժմ տրվել է չորրորդ ծրագրի մեկնարկը:
-ԲԿԳ Գործողությունների ծրագրերը նախատեսված են երկու տարի ժամկետի համար և պետք է համապատասխանեն բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմանը: ՀՀ կառավարությունը հրապարակել է այն հիմնական չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս,-ասաց Լ. Աֆրիկյանը:
Ներկայացնելով նախորդ 3 գործողությունների ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, այն է՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, թափանցիկության և հաշվետվողականության բարելավում, էլեկտրոնային կառավարման զարգացում, պետական գնումների գործընթացի կատարելագործում, հանրային ծառայություների որակի բարելավում և այլն, Լ. Աֆրիկյանը և Ա. Գիլոյանը կոչ արեցին ակտիվություն ցուցաբերել և վստահեցրին, որ առաջարկությունները կքննարկվեն և արդյունավետ լինելու դեպքում անպայման կներառվեն ծրագրում:
Խորհրդակցության ընթացքում քննարկմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներն արդեն իսկ հանդես էին գալիս առաջարկություններով:
Նշվեց, որ բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները կարող են ԲԿԳ սկզբունքներից բխող հստակ առաջարկությունները մինչև ապրիլի վերջ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ogp@gov.am էլ. փոստի միջոցով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59