Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը
09.04.2018
Օրերս Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջանների (Վանաձոր քաղաքը՝ Գուգարքի հետ) հաղթող թիմերը: Աշակերտները մրցեցին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ մրցաձևերում: Մրցմանը մասնակցում էին 3-րդից 6-րդ դասարանի աշակերտները: 3-րդ և 4-րդ դասարանցիների միջև պայքարում հաղթող ճանաչվեցին Բազումի միջնակարգ դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների հավաքական թիմերը: 5-րդ և 6-րդ դասարանցիների միջև պայքարում հաղթող ճանաչվեցին Լեռնապատի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների հավաքական թիմերը: Հաղթող թիմերը մարզը կներկայացնեն հանրապետական փուլում: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, մրցույթի կազմակերպիչ Ռուբեն Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ հաղթող թիմերը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում բարձր կպահեն Լոռու մարզական պատիվը: Մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ասաց, որ նման մրցույթները մատաղ սերնդի շրջանում խթանում են ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, նպաստում առողջ ապրելակերպին, երեխաներին ուղղորդում դեպի սպորտ, բացահայտում ապագա շնորհալի մարզիկներին: