Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը և Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցեցին նորարական գաղափարների Հեքթոնին

07.04.2018

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Պյոտր Սվիտալսկուն՝ տիկնոջ Աննա Սվիտալսկայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Եվրամիության համագործակցության բաժնի կրտեր մասնագետ Կարմեն Գրիլիցան, թարգմանիչ Վարդուհի Սարգսյանը:
Մարզի ղեկավարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը Լոռու մարզում բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար և նշեց, որ դրանք շատ կարևոր են մարզի զարգացման համար: Մարզպետը, օգտվելով առիթից, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նաև գեղեցիկ ծաղկեփնջեր հանձնեց հանդիպմանը ներկա կանանց:
Եվրամիության դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ՀՀ կառավարության առաջարկությամբ Լոռու մարզն, ի թիվս հանրապետության երեք մարզերի, ընդգրկվել է Եվրոպական միության 2018թ.-ին տարեկան գործողությունների ծրագրում: Այսինքն՝ Եվրամիությունն այս տարի իր ծրագրերը կկենտրոնացնի հատկապես այս մարզերում: Ծրագրերը կլինեն դարձյալ բազմաբնույթ և կուղվվեն տարբեր ոլորտների զարգացմանը:
Օրվա երկրորդ կեսին մարզպետը և դեսպանն այցելեցին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ամփոփվում էին Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներն ի հայտ բերելուն և զարգացնելուն ուղղված Հեքթոնի արդյունքները: Ինչպես հայտնի է, ծրագրերի ներկայացման մրցույթը հայտարարվել էր դեռևս շուրջ մեկ ամիս առաջ և այս ընթացքում նորարարական գաղափարներ ունեցող անձինք հայտեր ներկայացնելու հնարավարություն էին ունեցել: Հեքթոնն իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորիտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և Եվրամիության բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Հեքթոնը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ առավելապես մարզերում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներն ու ծառայությունները, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ: Նախնական փուլում 125 հայտերից ընտրվել է 50 հայտ:
Հեքթոնի մասնակիցներին ողջունեցին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, Եվրամիության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀ տրանսպորիտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարուհի Զեյթունցյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ ՝ մաղթելով հաջողություններ:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակցող բոլոր կառույցներին և նշեց, որ մարզպետարանը մշտապես բաց է համագործակցության համար և պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին: Նա հույս հայտնեց, որ այս մրցույթն ավանդական կդառնա և կիրականացվի յուրաքանչյուր տարի:
Զ. Զեյթունցյանը նշեց, որ անկախ նրանից նորարական գաղափարները մրցույթում հաղթող կճանաչվեն, թե՝ ոչ, հավանության դեպքում դրանք կյանքի կկոչվեն եթե ոչ Լոռու, ապա՝ այլ մարզերում՝ անպայման:
Այսօր և վաղը թիմերը պետք է իրենց գաղափարները շնորհադեսի տարբերակով ներկայացնեն ժյուրիին: Մրցույթի հաղթողների համար սահմանված են 2 մլն, 1 մլն 200 հազար և 750 հազար դրամի շրջանակներում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ մարքեթինգային և թարգմանության ծախսեր, կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56