Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ. «Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է». մարզպետարանում հյուրընկալվեցին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները
07.04.2018
Դպրոցականների այցերը մարզի գլխավոր կառույց շարունակվում են, և այսօր մարզպետարանում հյուրընկալվել էին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի և դասղեկի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, որից հետո աշակերտներին իր աշխատասենյակում հյուրընկալեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ջերմ և մտերմիկ զրույցի ընթացքում երեխաները մարզի ղեկավարին պատմեցին իրենց նպատակների ու ապագային ծրագրերի մասին: Մարզի ղեկավարը դպրոցականներին ներկայացրեց իր աշխատանքի բնույթը, խոսեց մարզի զարգացման ծրագրերից: Ա. Նալբանդյանը երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծեց հատկապես բարձրակարգ կրթություն ստանալու կարևորությունը, հորդորեց լավ սովորել և մշտապես բարձր պահել մարզի և հայրենիքի պատիվը:
-Հրաշալի սերունդ է մեծանում: Ի թիվս ձեզ՝ հրաշալի ու պայծառ երիտասարդներ ունենք, ովքեր մոտ ապագայում կգան մեզ փոխարինելու, և ես շատ ուրախ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է,-ասաց Ա. Նալբանդյանը:
Այնուհետև դահլիճում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը դպրոցականներին ծանոթացրեց մարզպետարանի ընդհանուր կառուցվածքին, ստորաբաժանումների գործառույթներին, իրականացվող ծրագրերին: