Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

29.03.2018

 Մարտի 28-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:

Նրանք նախ եղան «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում, շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Այնուհետև խորհրդակցություն անցկացրեցին Լոռու մարզպետարանում համայնքների ղեկավարների, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչների և այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը կազմակերպված են պատշաճ մակարդակով, պարարտանյութերի 3000 տոննա հայտից 1300-ն արդեն մատակարարվել է, ընթացքի մեջ է դիզելային վառելիքի բաշխման գործընթացը:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը զեկուցեց մարզում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների մասին` ընդգծելով, որ այս տարի ակնկալվում է ցանքատարածությունների 10,6 տոկոս աճ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելեց, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2017 թվականին մարզի ֆերմերների համար կազմակերպվել է 21 դասընթաց, որոնց արդյունքում 60 տնտեսության տրամադրվել է մոտ 207 մլն դրամի վարկ:

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ կարևորվեց անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ձևավորման ու զարգացման հարցին` շեշտելով, որ անասնաբույժները դառնալու են նախարարության գործընկերը համայնքում, քանի որ առաջիկայում այս ոլորտում տարբեր ծրագրեր են իրականացվելու: Նախարարը մասնավորապես հայտնեց, որ քննարկվում է արհեստական սերմնավորման ծրագիր սկսելու հարցը, որի շրջանակում սուբսիդավորվելու է անասնաբույժի ծառայությունը, ինչը ևս մեկ լրացուցիչ եկամուտ է և խթան համայնքային անասնաբույժների ինստիտուտի կայացման համար: Անասնաբույժը նաև պետք է իրականացնի կենդանիների համարակալման աշխատանքներ։

«Ֆերմերը կվճարի միայն սերմնանյութի համար, իսկ ծառայության մատուցման գումարը կփոխանցի պետությունը, արդյունքում ծնված կենդանին կաթնատվության տարիքում կտա 500 կգ ավել կաթ և 50 կգ ավել միս, ինչն ակնհայտ շահավետ առաջարկ է»,- հավելեց Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով` կենդանու խնամքը, անասնապահությունը գյուղացու համար շատ ծանր աշխատանք է, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա էականորեն ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, և ավելի քիչ գլխաքանակով ավելի շատ եկամուտ ստանալ:

Խորհրդակցությունից հետո նախարարը և մարզի ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցեցին «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնատար անձինք:

Այնուհետև նախարարն այցելեց շինհրապարակ, որտեղ ընթանում էին գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշեց, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:

«CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն հայտնեց, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:

«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծեց, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18