Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համատեղ խորհրդակցություն՝ Ոստիկանություն – մարզպետարան - ՏԻՄ համագործակցության շրջանակներում
21.03.2018
ՀՀ Ոստիկանություն – մարզպետարան - ՏԻՄ համագործակցության շրջանակներում մարտի 21-ին տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ անվտանգության տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը մարզկենտրոնի բանուկ հատվածներում, որը հնարավորություն կտա կանխելու և բացահայտելու մի շարք հանցագործություններ, ապօրինի աղբաթափության կանխման ուղղությամբ տարվող աշխատանքները, անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող՝ մարզպետարան-համայնք-ոստիկանություն կապի սերտացման անհրաժեշտությունը և այլն: Անդրադարձ կատարվեց նաև առաջիկա տոնակատարությունների ընթացքում հասարակական կարգի պահպանության նպատակով ոստիկանության դերակատարությանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ն. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ նմանատիպ քննարկումները դրական արդյունք կունենան: