Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղական արտադրողին խրախուսելու նպատակով. մարզի ղեկավարը եղավ Վանաձորի «Բետոն» արտադրական կոոպերատիվում
20.03.2018
Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Վանաձորում գործող «Բետոն» արտադրական կոոպերատիվ: Մարզի ղեկավարը պարբերաբար է լինում մարզի փոքր, միջին և մեծ ձեռնարկություններում՝ փորձելով տեղերում ծանոթանալ առկա խնդիրներին ու այնուհետ ՀՀ կառավարության, ինչու չէ՝ նաև այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ փորձում լուծում տալ դրանց՝ մարզում տեղական արտադրողների գործունեությունը խթանելու նպատակով:
«Բետոն» արտադրական կոոպերատիվը գործում է արդեն 30 տարի և զբաղվում է շինանյութերի և շինկոնստրուկցիաների արտադրությամբ: Այստեղ ներկայում աշխատում է 38 մարդ, արտադրանքը հիմնականում սպառվում է ՀՀ-ում, սակայն, ըստ կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Դավիթ Կլեկչյանի, սպառման ծավալների ավելացման դեպքում, ընկերությունը կարող է ընդլայնվել, աշխատանքի վերցնել մինչև 70 մարդու. հենց այս հանգամանքը՝ որպես խնդիր, նա ներկայացրեց մարզի ղեկավարին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը, շրջելով արտադական տարածքում, իր գոհունակությունը հայտնեց ընկերության արտադրանքի որակից և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցելու, որպեսզի ընդլայնվի ընկերության արտադրանքի սպառման շուկան:
-Մարզում շինաշխատանքներ իրականացնող ընկերություններին կառաջարկենք, որպեսզի համագործակցեն «Բետոն» արտադրական կոոպերատիվի հետ՝ այսկերպ խրախուսելով տեղական արտադրողին և նպաստելով, որպեսզի արտադրության ծավալների ընդլայնմամբ նաև նոր աշխատատեղեր բացվեն,-ասաց մարզի ղեկավարը:
Դ. Կլեկչյանը արտադրամասում նաև գեղանկարչական փոքրիկ արվեստանոց ուներ, որտեղ հյուրերը ծանոթացան նաև նրա գեղանկարչական աշխատանքներին: