Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների դժգոհությունների դեպքում պատասխանատվության կենթարկվեն, ինչպես բուժաշխատողները, այնպես էլ՝ բուժհաստատությունների ղեկավարները
05.03.2018
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ մարտի 5-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը՝ մասնավորապես նշելով, որ տարբեր գերատեսչություններից ներկայացված հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում:
Պետական գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ըստ ոլորտների, անդրադարձան նաև մարզպետի տեղակալները:
Դեղերի դեղատոմսերով տրամադրման կարգի փոփոխության մասին հանգամանորեն խոսեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Նա նշեց, որ սահմանված կարգն առայժմ մասսայական դժգոհություններ և խնդիրներ չի առաջացրել: Մարզի ղեկավարը, հարցին անդրադառնալով, հանձնարարեց ամենօրյա վերահսկողություն իրականացնել մարզի համաբուժարաններում և բժշկական կենտրոններում, որպեսզի հիվանդների համար արհեստական խոչընդոտներ չստեղծվեն և հերթեր չգոյանան, սրա վերաբերյալ շրջաբերականներ ուղարկել մարզի առողջապահական հիմնարկներ:
- Քաղաքացիների դժգոհությունների դեպքում պատասխանատվության կենթարկվեն, ինչպես բուժաշխատողները, այնպես էլ՝ բուժհաստատությունների ղեկավարները,-ասաց մարզպետը:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա տեղեկացրեց, որ փետրվար ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը սահմանված պլանի դիմաց կազմել է 122,8 տոկոս, հողի հարկինը՝ 103, գույքահարկինը՝ 85,1 և աղբի ծառայությունների դիմաց՝ 95,4 տոկոս: Մարզի ղեկավարը հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման ուղղությամբ:
Մարզի համայնքներին պետական աջակցությամբ տրվող պարարտանյութերի և սերմացուների բաշխման գործընթացը ներկայացնելով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն ասաց, որ ներկա դրությամբ բաշխվել է 450 տոննա ազոտական պարարտանյութ՝ մարզի 13 համայնքում: Սպասվում է նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ:
Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացվել է նաև 110 տոննա գարնանացան գարու և 77 տոննա գարնանացան ցորենի, ինչպես նաև այլ սերմացուների պահանջարկ, որոնք կստացվեն առաջիկայում: Ներկայում հավաքագրվում են գումարները, քանի որ նախորդ տարիների խնդիրները հաշվի առնելով՝ մարզի ղեկավարի պահանջով սերմացուն կբաշվի միայն գումարների ամբողջական հավաքագրման դեպքում:
Քննարկվեցին նաև առաջիկա միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր: