Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հաշվետվությունը բավարար գնահատեց
20.02.2018
Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Մարզի ղեկավարը, հաշվետվությունը բավարար գնահատելով և շնորհակալություն հայտնելով 2017թ. իրականացված աշխատանքների համար՝ նշեց, որ նախորդ տարի, վերջին տարիների համեմատությամբ առաջին անգամ, Վանաձորի քաղաքապետարանը սեփական եկամուտների հավաքագրումն իրականացրել է 100 տոկոսով, ինչն էլ դրական է անդրադարձել մարզի եկամուտների հավաքագրման ընդհանուր ցուցանիշերի վրա: Մարզի ղեկավարը համայնքապետարանին և ավագանուն շնորհակալություն հայտնեց նաև հաշվետվողական աշխատանքի համար՝ կարևորելով թափանցիկ աշխատաոճը:
-Արդեն մի քանի տարի շարունակ մարզի բոլոր համայնքների ղեկավարները ավագանուն և հանրությանը ներկայացնում են տարվա ընթացքում կատարված աշխատանքները, բյուջեների եկամտային և ծախսային մասերը՝ այդկերպ հանությանը հաշվետու լինելով, թե նրանց մուծած հարկերն ինչ ուղղությամբ են ծախսվում: Սա մասնակցային կառավարման ձև է, ինչը չափազանց կարևորվում է մեր կողմից,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նշելով, որ Վանաձորում դեռևս բավականին խնդիրներ կան՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ տարեվերջին դրանց զգալի մասը լուծված, և որ ամենակարևորն է՝ աշխատավարձի պարտքերը, իրականացվող հետևողական աշխատանքի շնորհիվ, ամբողջությամբ մարված կլինեն: Մարզպետն իր խոսքում անդրադարձավ նաև կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, նշելով, որ Վանաձորի քաղաքապետարանը նույնպես զարգացման կարևոր ծրագրեր է մշակում կառավարությանը ներկայացնելու համար, որոնք համահունչ են համայնքի զարգացման 5-ամյա ծրագրերին և տարեկան աշխատանքային պլանին: