Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը

01.02.2018

 Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանն այսօր հանդես եկավ 2017թ. աշխատանքային հաշվետվությամբ(lori.mtad.am/files/docs/30511.pdf): Հաշվետվությունը լսում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնականներ Տիգրան Էվինյանը և Արման Սարգսյանը:
Հաշվետվությունը ներկայացվեց «Ֆորտունա» հեռուստաընկերության և բաժնի կողմից համատեղ պատրաստված տեսաֆիլմի տեսքով:
Լոռու մարզում գործում են 6 հեռուստաընկերություն, 2 ռադիոխմբագրություն, տեղական լրատվական 1 կայք (lorinews.am), լրատվական «Չեզոք», ինչպես նաև մի քանի այլ բլոգներ, 12 տպագիր պարբերական («Լոռու մարզ», «Վանաձորյան խճանկար», «Սպեղանի», «Հայրենիք և եկեղեցի», «Հրաշամանուկ», «Երկունք», «Կանաչ Լոռի», «Մաշտոց», «Թումանյանական աշխարհ», «Լուսարձակ», «Բազում», «Մարգահովտի Զորավիգ»: Բացի տեղական լրատվամիջոցներից, մարզում լրագրական գործունեություն է ծավալում նաև հանրապետական զանգվածային լրատվամիջոցների 8 թղթակից: Տպագիր լրատվամիջոցներ ունեն Վանաձորը (1 օրաթերթ, 1 շաբաթաթերթ, 4 պարբերաթերթ և 2 ամսագիր), Ալավերդին՝ 1 շաբաթաթերթ, Սպիտակը՝ 2 ամսաթերթ և Մարգահովիտ գյուղը՝ 1 պարբերաթերթ: Մարզի տարածքում հեռուստաաշտարակային ցանցով հեռարձակվում են հանրապետական և օտարերկրյա թվով 8 հեռուստաընկերությունների հաղորդումները: Վանաձորում գործում են հեռուստահաղորդումների մասնավոր 3 մալուխային ծառայություն, որոնք առավել մեծ թվով ծրագրեր դիտելու հնարավորություն են ընձեռում: Հեռուստաընկերություն ունի 4 համայնք՝ Վանաձորը՝ 4, մեկական հեռուստաընկերություն՝ Ալավերդի և Սպիտակ քաղաքները: Տեղական ռադիոցանց ունի Վանաձոր քաղաքը:
Մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով մշտապես լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությանը վերաբերող իրադարձությունները, մարզխորհրդի նիստերը, հանրային հնչեղության բանակցությունները, խորհրդակցությունները: Իսկ այնպիսի հարցերի մասին, որոնք իրենց բնույթով ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն են ունեցել, մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և գլխավոր մասնագետների հետ կազմակերպվել են հեռուստահարցազրույցներ, ասուլիսներ և այլն:
2017թ.-ի ընթացքում տեղական հեռուստահաղորդումներով և մարզային թերթում բավարար չափով լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, բոլոր մեծ թե փոքր իրադարձային միջոցառումները, իսկ մարզխորհրդի նիստերը բաժնի կողմից ընդարձակ լրատվությամբ լուսաբանվել են հատկապես «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, «Լոռու մարզ» թերթում և մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Մարզի բոլոր ԶԼՄ-ներին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետարանի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, ծրագրերի, կազմակերպվող միջոցառումների մասին: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների մարզային աշխատանքային այցելությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրվել են մամլո հաղորդագրություններ, աշխատակազմի ղեկավարի վերահսկողությամբ ապահովվել են լուսաբանում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները (տրանսպորտային միջոցներ, սնունդ և այլն), սահմանված կարգով կատարվել է լրագրողների հավատարմագրում:
Բաժինը հետևողական է եղել հանրապետական և տեղական լրատվամիջոցներում Լոռու մարզին վերաբերող հարյուրից ավելի կարևորագույն հրապարակումների նկատմամբ: Քննադատական բնույթի հրապարակումների կրկնօրինակները տրամադրվել են մարզպետին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերին համապատասխան հետևություն անելու, հարկ եղած դեպքում արձագանքելու համար:
Լոռու մարզպետարանի գործունեության հանրային իրազեկման գլխավոր տեղեկատվական բազան շարունակում է մնալ տարածքային կառավարման միասնական համակարգում գործող մարզպետարանի www.http/lori.mtad.am պաշտոնական կայքը, որի «Տեղեկատվական հարթակի» սպասարկումը համարվում է բաժնի կարևորագույն գործառույթներից մեկը: Այստեղ զետեղվում է Լոռու մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող տեսանյութերով մշտապես թարմացվող ամենօրյա տեղեկատվություն: Այդ էջում են լուսաբանվել նաև ՀՀ պաշտոնատար անձանց, արտերկրի պատվիրակությունների այցելությունները, մարզային հիշարժան դեպքերն ու իրադարձությունները:
Դրան ավելացել է և հատկապես 2017թ.-ին մեծ հանրայնություն է ստացել «Լոռու մարզպետարան» ֆեյսբուքյան պրոֆիլը: Բաժանորդների թիվը ներկա պահին հասել է 5000-ի: Քանի որ Ֆեյսբուքյան պրոֆիլը 5000-ից ավելի օգտատերեր ընդգրկելու հնարավորություն չի տալիս, ուստի զուգահեռաբար բացվել է նաև Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան եռալեզու էջը, որը բացի անսահամանափակ թվով օգտատերեր ընդգրկելուց, հնարավորություն է տալիս վերլուծելու նաև էջի այցելուների և դիտումների թիվը, այցելույթունների աշխարհագրությունը և այլն: Այս հարթակը նաև հարյուրավոր բնակիչների անկաշկանդ կերպով տարբեր հարցադրումներ, խնդրանք-նամակներ, ինչու չէ նաև՝ շնորհակալական խոսքեր հղելու հնարավորություն է տալիս: Բաժինն անմիջապես պատասխանում է նամակներին և բազմաթիվ խնդրանք-դիմումներ մարզպետի և աշխատակազմի ղեկավարի աջակցությամբ անմիջապես լուծում են ստանում: Մի խոսքով, հարթակը հետադարձ կապ է ապահովում օգտատերերի հետ և անմիջապես կարելի է տեսնել ցանկացած հրապարակման նկատմամբ նրանց արձագանքը:
ՀՀ կառավարության հանձնարարությամբ ստեղծված յութուբյան էջում ևս օպերատիվ կարգով տեղ են գտնում մարզպետարանի գործունեությանն առնչվող տեսանյութերը, որը յուրօրինակ արխիվացման հարթակ է դարձել:
Կարևոր ձեռքբերում է առկա նյութերի արխիվացման կանոնակարգումը: Դարձյալ մարզպետի և աշխատակազմի ղեկավարի աջակցությամբ բաժինը ձեռք է բերել տարողունակ կրիչ, որն անցած 6 տարիներին ամբարված տեղեկատվական տեսանյութերը և լուսանկարները (համակարգիչներին և յութուբյան էջին զուգահեռ) առավել ապահով պահպանելու հնարավորություն է տվել: Նախորդ տարիներին մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող «Մարզպետարանի ժամ» ամենշաբաթյա հաղորդաշարը փոխարինվել է մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ թողարկվող «Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է» ամենօրյա, առավել օպերատիվ հավելվածով: Բաժինը ստանձնել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում զանգվածային լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից ու քաղաքացիներից մարզպետարանին ուղղված հարցումներին ժամանակին և պատշաճ պատասխանելու կանոնակարգման պարտականությունը: 2016թ. ստացվել է մարզպետին և կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված 17 գրավոր և շուրջ 50 բանավոր հարցում, որոնց տրվել են հիմնավոր պատասխաններ՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ: Այդուհանդերձ, առավել սերտ համագործակցություն է ապահովվել տեղական և հանրապետական լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Մարզպետի պահանջով իրականացվող այս քաղաքականության արդյունքում MegaNews.am կայքէջի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում 2017թ.-ին հանրապետության մարզպետարանների թվում Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ի դեմս բաժնի պետ Վահե Դոխոյանի, ճանաչվել է ամենաթափանցիկ և օպերատիվ կերպով աշխատող բաժին, որը պատրաստ է եղել օրվա ցանկացած ժամի արագ արձագանքելու լրատվամիջոցների և քաղհասարակության ներկայացուցիչների զանգերին և ամենասեղմ ժամկետներում տեղեկատվություն տրամադրել կամ կազմակերպել հարցազրուցներ և ճեպազրույցներ մարզպետարանի պաշտոնյաների հետ: Բաժինը սերտ համագործակցություն է սկսել մարզի քաղաքային համայնքների քաղաքապետարանների մամուլի ծառայությունների պատասխանատուների հետ.Հաշվետու տարում բաժնի աշխատակիցները մասնագիտական վերապատարաստումներ և դասընթացներ են անցել, որից հետո փորձի և ստացած գիտելիքների փոխանցման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել մարզի համայնքների մամուլի ծառայություների պատասխանատուների հետ:
Աշխատանք Հասարակական կազմակերպությունների հետ
Մարզում գրանցում ունի 50-ից ավելի հասարակական կազմակերպություն, որոնցից ակտիվորեն գործում են շուրջ 30-ը: Դրանցից շատերը ակտիվ համագործակցում են մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, մյուս ստորաբաժանումների հետ:
Մարզպետարանի հետ առավել ակտիվ փոխհամագործակցում են «Առավոտ», «Խաչվող ուղիներ», հունական «Էլպիդա», «Օրհուս» բնապահպանական, «Օրրան», «Հայկական Կարիտաս», կազմակերպությունները, «Հայկական Կարմիր Խաչի Լոռու մարզային կազմակերպությունը», «Թռիչք», «Համալսարանական կրթությամբ կանայք», «Լիարժեք կյանք», «Զանգակ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», և այլ ՀԿ-ներ, «Վորլդ Վիժն», «Փրկենք երեխաներին», «Հայաստանի մանուկներ» միջազգային կազմակերպությունները, «Դիակոնիա» հիմնադրամը:
ՀԿ ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են մարզպետարանում տեղի ունեցող կամ մարզպետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, բաժինը մշտապես օգնել ու համագործակցել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» և իրավական հարցերի գծով ՀԿ-ների հետ՝ մարզում նրանց կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ:
Բաժնի նախաձեռնությամբ նախորդ տարի երկու հանդիպում է կազմակերպվել մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են համագործակցությունն առավել սերտացնելուն ուղղված հարցեր:
Ազգային փոքրամասնությունները բաժնի գործառույթներում
Լոռու մարզի ներկայիս տարածքը խորհրդային տարիներին ազգային փոքրամասնություններով ամենաբնակեցվածներից էր: Սակայն վերջին մեկուկես-երկու տասնամյակներում տարածաշրջանում սկիզբ առած էթնիկական տեղաշարժերի հետևանքով արտագաղթեցին նաև մեծ թվով այլազգի բնակիչներ:
2016թ. հունվարի տվյալներով(2017թ. տվյալները դեռևս ամփոփված չեն) Լոռու մարզում բնակվում է 3107 ռուս, 875 հույն, 653 եզդի, 27 քուրդ, 8 ասորի, 349 այլ ազգերի ներկայացուցիչներ: Հայ ազգաբնակչության հետ նրանք ապրում են իրավահավասարության պայմաններում և բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի ու կրթության պահպանման համար: Դրանց են նպատակաուղղված ազգային հասարակական ու մշակութային կազմակերպությունները:
Մարզպետարանը մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներն իրազեկվում, հարկ եղած դեպքում համակողմանի աջակցություն է ցուցաբերում նրանց հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Մարզում գործում է այդպիսի 5 կազմակերպություն՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Էլպիդա», «Պոնտոս» և «Ակմի», ռուսազգի փոքրամասնության սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «Օբշչեստվո Ռոսիի», ազգային մշակույթի և ազգամիջյան կապերի զարգացման հարցերով զբաղվող «Ուկրաինա»: Նրանց ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են մարզխորհրդի նիստերին, պետական, ազգային տոների հանդիսություններին, համահամայնքային և մարզային միջոցառումներին: Տոնահանդեսներում կատարումներով հանդես է գալիս ուկրաինացիների երգչախումբը:
2017թ. նույնպես մարզի զանգվածային լրատվամիջոցները բազմիցս լուսաբանել են ազգային փոքրամասնությունների առօրյան:
Վերոնշյալ հասարակական կազմակերպությունները միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ, որպես կանոն հովանավորվում են Լոռու մարզպետի կողմից:
Ազգային փոքրամասնությունների կողմից մյուս ազգությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում տիրում է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ:
Աշխատանք կրոնական կազմակերպությունների հետ
2017թ. մարզում գործունեություն են ծավալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմը, Հայ կաթողիկե եկեղեցու Տաշիրի թեմը, Հայ Ավետարանական եկեղեցու Լոռու թեմը, Վանաձորի Ավետարանական հավատքի, մորմոնների(Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբեր), Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցիները, Եհովայի վկաների հետևորդները:
Մարզպետարանի առնչությունները՝ գործող կրոնական կազմա¬կերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, եղել են պաշտոնեական գործառույթներից բխող հանգամանքներով:
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ հանդիպումներում քննարկվել են.
 Թեմին պատկանող «Ծիծեռնակ» ճամբարում արցախցի երեխաների ամառային հանգստի կազմակերպման,
«Ձեռք մեկնիր եղբորդ» կարգախոսով բարեգործական ծրագրի գործունեությանը վերաբերող հարցեր:
Տարվա ընթացքում Լոռու մարզի զանգվածային լրատվամիջոցները՝ անդրադարձել են ազգային փոքրամասնությունների առօրյայի ու խնդիրների լուսաբանմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանը:
2018. անելիքները
Բացի վերը նշված գործառույթներից, որոնք շարունակական բնույթ են կրելու, բաժինը հասարակայնության հետ կապերի ոլորտում մի շարք նոր ծրագրեր ունի: Առաջինը՝ մոնիտորի տեղակայումն է մարզպետարանի երկրորդ հարկում՝ մարզին ու մարզպետարանին առնչվող տեղեկատվական կարևոր տեսանյութերը, մարզպետի ուղերձները շուրջօրյա հեռարձակելու նպատակով:
Մարզպետարանում մարզի համար կարևոր իրադարձային միջոցառումների, տարբեր ոլորտներին առնչվող և մարզի պատմամշակութային հուշարձանների, գեղատեսիլ և զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող վայրերի լուսանկարների մշտական ցուցադրության կազմակերպումը:
Հաշվետվության ավարտին շնորհակալություն հայտնելով հաշվետու տարում փոքր թիմով կատարած մեծածավալ աշխատանքների համար՝ մարզի ղեկավարը հորդորեց չթուլացնել տեմպերը և աշխատել նույնպիսի ջանադրությամբ:
-Մեր որդեգրած քաղաքականությանը՝ աշխատել թափանցիկ և մշտապես լինել հաշվետվողական հասարակության և լրատվամիջոցների առջև, հավատարիմ ենք մնալու: Մեր ջանքերը մշտապես ուղղվելու են հենց այս նպատակի իրականացմանը,-եզրափակելով խոսքը՝ ասաց մարզի ղեկավարը: Նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին ակտիվ համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43