Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կկառուցվեն տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին, ձմեռային սահուղիներ և հանգստի գոտիներ
22.01.2018
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության գլխավոր և առանցքային թեման մարզի համար կարևորագույն ներդումային ծրագրի մասին իրազեկումն էր: Մարզի ղեկավարը հայտնեց, որ կանադացի մասնագետների կողմից Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում կկառուցվի տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին: Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան: Վանաձորի նախկին ճոպանուղու տարածքն, ըստ փորձագետների եզրակացության, բարենպաստ չի եղել ձմեռային հանգստի գոտու կառուցման համար, այդ իսկ պատճառով հետազոտությունների արդյունքում ընտրվել է վերոնշյալ տարածքը:
-Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է,-ասաց մարզպետը:
Այս ծրագիրը, սակայն, ըստ մարզ ղեկավարի, կհանգեցնի մեկ ուրիշ խնդրի. ճոպանուղին շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի միայն առաջին փուլում 3500 մարդ/օր հյուրանոցային պայմաններ ապահովել, ինչը ներկա դրությամբ մարզի կտրվածքով հնարավոր չէ: Այդ պատճառով պետք է աշխատանքներ տարվեն այլ ներդրողների հետ՝ սպասարկման ոլորտը, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակադրությամբ:
-Աշխատանքները պետք է սկսենք հենց այսօրվանից, որպեսզի ծրագրի ավարտին զբոսաշրջիկներին հնարավոր լինի պատշաճ կերպով ընդունել,-ասաց մարզպետը և հավելեց, որ հյուրանոցային տնտեսության զարգացման հիմնական պատասխանատուն Վանաձոր համայնքը կլինի: Ու թեև ճոպանուղին կկառուցվի Վանաձորի վարչական սահմաններից դուրս, ծրագիրը կդիտարկվի մարզկենտրոնի զարգացման ծրագրերի համատեքստում:
Մարզի ղեկավարը ներդրողների հետ տարվելիք աշխատանքների վերաբերյալ նաև մի շարք հանձնարարականներ տվեց:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև առաջիկա, ինչպես նաև տարվա ընթացքում անցկացվելիք հոբելյանական միջոցառումների կազմակերպչական հարցերին, դպրոցներում «Սմարթ» դասարանների կառուցմանը, «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018թ. միջոցառումների ծրագրին, մարզի այս տարվա գործունեության ծրագրին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Անդրադարձ կատարվեց դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ջերմային ռեժիմի և մարզում սուր շնչական վարակների վերահսկողությանը վերաբերող խնդրին: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հավաստիացրեց, որ մարզում սուր շնչառական վարակների տարածվածության խնդիր չկա, այն կրում է սեզոնային բնույթ: Ըստ նրա, նշված վարակի պատճառով մարզում դասերից բացակայում է ընդամենը 53 երեխա,Վանաձորի բժշկական կենտրոնում ներկա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 50 փոքրիկ: Նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում, վարչության պետի վստահեցմամբ, ջերմային ռեժիմը նորմայի սահմաններում է: