Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի հաշվետվությունը

19.01.2018

 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ բաժնի պետ Ալիկ Սահակյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:
Բաժնի պետի ներկայացմամբ՝ հաշվետու տարում մարզպետի կողմից ընդունվել է 520 որոշում,արձակվել է 322 կարգադրություն:
Մշտապես իրականացվել են կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություններ, խմբագրման աշխատանքներ, համարակալում, գրանցում գրանցամատյաններում և էլեկտրոնային առաքում շահագրգիռ ստորաբաժանումներին: Մարզպետի որոշումների և կարգադրությունների պատճենները յուրաքանչյուր ամիս ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: ՀՀ օրենսդրության խախտումների հիմնավորմամբ հետ վերադարձված իրավական ակտեր չեն եղել:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 2017թ. ընթացքում արձակվել է 351 հրաման` հիմնականում կադրային հարցերի վերաբերյալ:
2017թ. ընթացքում բաժնի կողմից կազմվել է 245 գրություն (2016թ.՝ 212), որոնցից` 32 դիմումի պատասխան (2016թ.՝ 16) և 213 գրություն (2016թ.՝ 196):
Հաշվետու ժամանակաշրջանում գումարի բռնագանձման պահանջով դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ Արևածագ (960.000 դրամ), Ծաթեր (260.000 դրամ) և Դսեղ (1.920.000 ՀՀ դրամ) համայնքների ղեկավարների՝ տրամադրված աշնանացան ցորենի դիմաց հետ վերադարձման ենթակա գումարները բռնագանձելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ենք ներկայացրել նաև դիմումներ՝ Դսեղ (780000 դրամ), Արծնի (445840 դրամ), Արջուտ (780.000 դրամ) համայնքների ղեկավարներից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գումարներ բռնագանձելու մասին վճարման կարգադրություններ արձակելու խնդրանքով:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ ներվել է մարզի Լուսաղբյուր, Արջուտ, Արևածագ, Դսեղ, Ծաթեր, Մեծ Այրում, Ճոճկան, Տաշիր և Ձյունաշող համայնքներին հատկացված առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գոյացած պարտքերի գումարները, մասամբ ներվել է նաև Պետրովկա, Արծնի, Շնող և Սարատովկա համայնքներին հատկացված առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գոյացած պարտքերի գումարների մի մասը: ՀՀ կառավարության նույն որոշմամբ ամբողջությամբ ներվել է նաև 2015-2016թթ. հատկացված ազոտական պարարտանյութերի դիմաց Սվերդլով, Միխայելովկա, Լուսաղբյուր և Սարալանջ համայնքների պարտքը:
«Բերրիություն» ՍՊԸ-ն ամբողջությամբ հրաժարվել է հայցից և միջնորդություն է ներկայացրել դատարան վարույթը կարճելու մասին, իսկ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը փոխել է հայցագնի չափը այն 27 միլիոնից նվազեցնելով մինչև 4.368.200 դրամ:
Ծաղկաբերի միջնակարգ դպրոցի չկատարված հարկային պարտավորությունների հարցով դատաքննությունն ընթացքի մեջ է և առաջիկայում նշանակվել է դատական նիստ:
2017թ. Միխայելովկայի միջնակարգ դպրոցի տնօրեն Գ.Ռաֆայելյանի դեմ Լոռու մարզպետարանը հայց է ներկայացրել հետադարձ պահանջի իրավունքով (2.126.350 ՀՀ դրամ) գումարի բռնագանձման պահանջի մասին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցը բավարարվել է: Կատարողական թերթը ներկայացվել է ԴԱՀԿ՝ համապատասխան ընթացք տալու համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից Լոռու մարզի մի շարք դպրոցների վերաբերյալ կայացվել են պարտավորության գումարների վերաբերյալ գանձման որոշումներ: Ըստ այդ որոշումների, մարզի թվով 12 դպրոցի պարտավորությունը կազմել է 10.653.703 դրամ: Մարզպետարանը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին՝ վերը նշված բռնագանձման որոշումներն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելու խնդրանքով: Գանգատարկման հանձնաժողովի կողմից կայացվել է որոշում նվազեցնել ՊՈԱԿ-ների պարտավորությունները ընդհանուր թվով 10.083.872 ՀՀ դրամով (94.7%), ենթակա է վճարման ընդամենը 569.131 ՀՀ դրամ (5.3%):
2017թ. իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու աշխատանքային ծրագրի համաձայն՝ նախատեսված 35 համայնքում իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում կազմվել են ակտեր: Կազմված ակտերը քննարկվել են փոխմարզպետների մոտ և հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ:
Համայնքներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների մասին պարբերաբար զեկուցվել է մարզի խորհրդի նիստերում:
2018թ. ընթացքում նախատեսվում է իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնել մարզի 20 համայնքներում:
Հաշվետու ողջ ժամանակահատվածում պարբերաբար կատարվել է շուրջ 120 քաղաքացիների ընդունելություն, անհրաժեշտության դեպքում` իրավական խորհրդատվություն:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա ավարտից հետո արխիվացվում են մարզպետի և աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտերի թղթային տարբերակները և հանձնվում մարզպետարանի արխիվ՝ մշտական պահպանության:
Մշտապես մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը տրամադրվում է տեղեկատվություն մարզպետարանի կայքում տեղադրելու համար:
Բաժնի կողմից կատարվել է նաև մարզի համայնքներից մարզպետարան ներկայացված իրավական ակտերի` համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և ավագանիների որոշումների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում:
Հաշվետվության ավարտին մարզի ղեկավարը կատարված աշխատանքները գնահատեց լավ՝ հնչեցնելով նաև մի շարք հանձնարարականներ: Նա պահանջեց վարչական հսկողություն իրականացնելիս առավել խստապահանջ լինել, համայնքների ղեկավարներին պարբերաբար իրազեկել օրենսդրական փոփոխությունների մասին և հաճախակի լինել համայնքներում:
Վերջու ներկաները հարցեր հնչեցնելու հնարավորություն ունեցան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59