Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի պահանջը մեկն է՝ հետևողական և ծրագրված քայլեր իրականացնել կրթության որակը կտրուկ բարելավելու հաստատակամությամբ

19.01.2018

 Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության նպատակը տարեսկզբին ոլորտային խնդիրների շուրջ արված վերլուծության ներկայացումն էր և տարվա անելիքների նախանշումը: Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզի ղեկավարի պահանջով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն արդեն տևական ժամանակ է՝ վերլուծություն է իրականացնում մարզում կրթության չգոհացնող որակի պատճառները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաներին երեխաների մասնակցության` տարեցտարի նվազման խնդիրը պարզաբանելու նպատակով: Այս մտահոգիչ հարցերի շուրջ որոշակի եզրակացություններ արդեն իսկ արվել են և վարչության պետ Մինաս Սայադյանի ներկայացմամբ՝ դրանց բուն պատճառը հաճախ դպրոցների և ուսուցիչների ոչ հետևողական, հաճախ նաև՝ անտարբեր վերաբերմունք է կրթության գործընթացի նկատմամբ:
-Շատ դպրոցներում ուսուցիչների որակական հատկանիշները,արհեստավարժության մակարդակը մեզ չի գոհացնում: Այս առումով դպրոցների տնօրենները պետք է բարձրացնեն ուսումնական գծով փոխտնօրենների, մեթոդմիավորումների դերակատարությունը, հաճախակի դասալսումներ կազմակերպեն, ստուգեն ուսումնական պլանները,-ասաց Մ. Սայադյանը: Նա մտահոգությամբ նշեց, որ դպրոցական առարկայական օլիմպիադաներին ևս տնօրենները հաճախ լուրջ չեն վերաբերում, գերադասում են աշակերտներ չուղարկել՝ պատճառաբանելով օլիմպիադաների առաջադրանքների բարդ լինելը:
-Լավագույն աշակերտների հետ անհարժեշտ է լրացուցիչ պարապմունքներ իրականացնել, ինչու ոչ՝ նրանց հետևողականորեն պատրաստել օլիմպիադաների մասնակցությանը,-ասաց վարչության պետը՝ նշելով, որ մարզում կան դպրոցներ, որոնք տարիներ շարունակ աշակերտներ չեն ուղարկում օլիմպադաների, ուղարկելու դեպքում էլ՝ երբևէ հաջողություններ չեն ունեցել:
Մարզի ղեկավարի պահանջն այս առումով ևս մեկն էր՝ հետևողական և ծրագրված քայլեր իրականացնել կրթության որակը նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ բարելավելու հաստատակամությամբ:
-Յուրաքանչյուր որակյալ աշխատանք սկսվում է կարգապահությունից: Ես ձեզնից առաջին հերթին աշխատանքային կարգապահություն եմ պահանջում: Ձեզ համար բարձր նիշ սահմանեք և ջանքեր մի խնայեք դրան հասնելու համար: 2018թ.-ին կրթությունը բարձրացնելու ենք այլ մակարդակի և դա անելու ենք միասին,-իր խոսքում նշեց մարզպետը:
Օրակարգային կարևոր հարցերից էր նաև «Սմարթ» դասասենյակների ստեղծումը:
-Երբ 2016թ.-ի վերջին խոսում էինք Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու գաղափարի մասին, բոլորը տարակուսում էին, բայց այսօր մենք զգալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ: Մարզում արդեն 17 «Սմարթ» դասասենյակ ունենք, առաջիկայում կշահագործվեն ևս 7-ը: Այս տարի նախատեսում ենք «Սմարթ» սենյակներ կառուցել նաև մանկապարտեզներում, գարնանը հանդիսավորությամբ կբացենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ Դեբեդի կիրճում կառուցված հրաշալի «Սմարթ կենտրոնը»: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ևս ակտիվ համագործակցում է մեզ հետ: Մի խոսքով ծրագրերը շատ են,-ասաց Ա. Նալբանդյանը՝ տնօրեններին հորդորելով ետ չմնալ ընդհանուր հորձանուտից և ակտիվություն ցուցաբերել: Նա իր խոսքում կարևորեց նաև հեռավար դասընթացների կազմակերպումը:
Համընդհանուր ներառական կրթության իրականացման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա սպառիչ պատասախաններ տվեց տնօրեններին մտահոգող մի շարք հարցերի՝ հորդորելով ակտիվորեն համագործակցել հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ:
Խորհրդակցության ավարտին անդրադարձ կատարվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին: Մարզպետը հանձնարարեց բարձր դասարաններում այս ծրագրերի մասին իրազեկման ակտիվ աշխատանքներ տանել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00