Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը պարգևատրեց տարվա լավագույն մարզիկին
25.12.2017
Մարզական տարվա ավարտին Վանաձորի քաղաքապետարանում օրեր առաջ ամփոփվել են արդյունքները, և ընտրվել են մարզկենտրոնի տարվա լավագույն տասը մարզիկները: Այսօր տասը լավագույնների առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկին՝ սամբո ըմբշամարտիկ, սպորտի վարպետ, Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային սպորտի վարպետ Տիգրան Կիրակոսյանին և նրա մարզիչ՝ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանին իր աշխատասենյակում ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհակալություն հայտնեց մարզիկին և մարզչին Վանաձորի, մարզի ու հանրապետության պատիվը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բարձր պահելու համար՝ նշելով, որ նրա օրինակը վարակիչ կարող է դառնալ պատանի մարզիկների համար: Մարզի ղեկավարը Տ. Կիրակոսյանին հանձնեց պատվոգիր և խոշոր դրամական պարգև: Մարզչին ևս հանձնվեց դրամական պարգև և շնորհակալագիր:
Տ. Կիրակոսյանը և Ա. Գալստյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ա. Նալբանդյանին ջերմ ընդունելության և մարզիկների ջանքերը մշտապես բարձր գնահատելու համար:
Մարզի ղեկավարի կողմից պատվոգրի և խոշոր դրամական պարգևի է արժանացել նաև ազատ ոճի ըմբշամարտիկ, երիտասարդների աշխարհի առաջնության երկրորդ և Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, Ալավերդու բնակիչ Կարեն Զուրաբյանը: Նրա պարգևը կհանձնվի համայնքում: