Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեցին կրթության ոլորտի առաջավորները

25.12.2017

 Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ ի դեմս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում այս տարի առաջին անգամ անց կացվեց կրթության բնագավառի տարեվերջյան ամփոփման հանդիսություն, որն այսուհետ կդառնա ավանդական և կնշվի յուրաքանչյուր տարեվերջի՝ նպատակ ունենալով մեծարելու կրթության ոլորտում հաջողություններ արձանագրած մանկավարժներին և աշակերտներին:
Այս տարի մեկ միջոցառման շրջանականերում մեծարվում ու պարգևատրվում են մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ անցկացվող Լոռու մարզի դպրոցականների «Իմ ծննդավայրը» ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողները, հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած պատանիներն ու աղջիկները, նրանց ուսուցիչները, ինչպես նաև դպրոցների լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ ճանաչված մանկավարժները:
Տոնական միջոցառմանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր:
Ուսուցչի աշխատանքի արժևորման և գնահատանքի խոսք ասաց մարզի հոգևոր առաջնորդը՝ նրանց հորդորելով անկախ երկրի քաղաքական, սոցիալական իրադրությունից, պատվով կրել հայոց ուսուցչի վեհ կոչումն ու արժանապատվությունը, պատվախնդրությամբ շարունակել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ծանր, բայց և մշտապես գնահատելի առաքելությունը, իսկ դպրոցականներին՝ լավ սովորել, բարձր պահել մարզի պատիվը:
Կրթության բնագավառի աշխատողներին, օրվա հերոսներին ողջունեց մարզի ղեկավարը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց.
«Ինձ ուրախացնում է բազմանուն այդ մրցույթներին մեր աշակերտների ակտիվ մասնակցությունը: Իհարկե, ոչ բոլորն են հասնում մրցանակակրի բաղձալի պատվանդանին, սակայն, գիտելիքների և գեղարվեստական ու մարզական մրցույթներում շատերի ձգտումը՝ լավից լավը լինելու համար, արդեն իսկ ցուցանիշ է:
Ի վերջո, այդ մրցույթները նպատակաուղղված են մատաղ սերնդի շարքերում գիտելիքների և կարողությունների մեծ պաշար ունեցող պատանիներին ու աղջիկներին բացահայտելուն և պայմանավորված են լիարժեք քաղաքացի դաստիարակելու մեր կարևորագույն խնդրով:
Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ դրանց հիմքում, այնուամենայնիվ, հայրենասիրության ուժն ու ավյունն են շարժիչ ուժը, այն արմատը, որը սնում է ապագա գիտնականի և արվեստագետի, զինվորի և հրամանատարի, հողագործի և բանվորի, ուսուցչի և բժշկի բողբոջը: Ուստի, շատ կարևոր է, որ դպրոցը լինի ոչ միայն գիտելիքների ուսուցման, այլև հայրենասիրության դաստիարակության դպրոց: Ալյապես, մեր բոլոր տեսակի ձեռքբերումներն իզուր կլինեին»,-ասաց նա՝ անդրադառնալով նաև առկա խնդիրներին.
«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ առանձնակի կարևորել նաև հանրակրթության ընդհանուր մակարդակի բարձրացման հարցը: Առաջին անգամը չէ, որ այդ մասին հայտնում ենք մեր մտահոգությունը: Ուղղակի ասենք՝ առանձին վերապահումներով, մեզ խիստ անհանգստացնում է հանրակրթության ընդհանուր մակարդակը, ինչում համոզվել ենք վերջին տարիներին մարզի դպրոցներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Մենք լավագույն մանկավարժների մեծ բանակ ունենք, որոնցով հպարտանում ենք, բայց եկեք խոստովանենք, որ քիչ չեն նաև մասնագիտական պատրաստվածության այսօրվա պահանջները ոչնչով չբավարարող ուսուցիչները: Այստեղ մեծ անելիք ունեն դպրոցների մեթոդմիավորումները, իսկ տնօրենները պետք է մշտապես վերին աստիճանի հետևողական լինեն: Հանրակրթությունը մեր կրթական համակարգի ողնաշարն է, չունեցանք ուսման որակ, հանրակրթության մակարդակը չբարձրացրեցինք, մեր ոչ մի ռազմավարություն արդյունք չի ունենա:
Երբեմն զարմանք է հարուցում մանկավարժներից ոմանց առաջավոր մեթոդների նկատմամբ անվստահություն ունենալու դիրքորոշումը: Նման երևույթներ նկատվեցին հատկապես այն բանից հետո, երբ քայլեր սկսեցինք ձեռնարկել դպրոցները տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նոր հնարավորություններով զինելու ընթացքում: Մինչդեռ, աշխարհը փոխվում ու վերափոխվում է մեծ արագությամբ: Ոչ վաղ անցյալում առաջավոր համարված գիտելիքներն ու փորձը շրջադարձորեն դառնում են իրենց դարն ապրած: Ուստի ոչ միայն պետք է ընդունենք այդ պարզ ճշմարտությունը, այլև ինքներս պետք է պատրաստ լինենք նորագույնն արմատավորելու գործում»: Նա խոսեց նաև ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ մասնավորապես նշելով.
«Տեղյակ եք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը և զարգացումը դիտելով առաջնահերթություն՝ Լոռին հայտարարել ենք «Սմարթ» մարզ: Կարճ ժամանակամիջոցում թվով 16 հանրակրթական դպրոցներում ստեղծվեցին նույնանուն դասարաններ՝ հագեցած ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Առաջիկայում ևս այդպիսի 7 դասարան կբացվի: Ավելին, նպատակադրվել ենք տարիքային առանձնահատկությունների հասցեավորմամբ, ուսուցման նույնպիսի հնարավորություններ ստեղծել նաև նախակրթարաններում, որպեսզի մեր երեխաները վաղ տարիքից որոշակի ճանաչողական գիտելիքներ ու փորձ ունենան: Այս ամենը չի կատարվում հանուն ցուցադրության կամ ձևամոլական շղարշ ստեղծելու, ինչը քաղքենիական մտածողությանն է հատուկ: Մենք լուրջ հիմքեր ունենք համոզվելու, որ 21-րդ դարի երկրորդ քառորդում ապրող քաղաքացին, իր մտավոր կարողությամբ և տեղեկատվական տեխնոլոգիների տիրապետման աստիճանով, մեծապես տարբերվելու է իր նախորդ սերնդից:
Ահա, այսպիսի կարևորագույն պահանջներ ունենք մենք, որոնց լուծման համար առաջին հերթին պետք է հանրակրթության բնագավառը շարունակական կերպով բարեշրջել՝ մի որակական վիճակից դեպի մի նոր որակական վիճակ անցնելու ունակությամբ: Այս ամենով հանդերձ, ուրախությամբ պետք է նշել, որ անցնող տարին իզուր չի անցել մեր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Մենք հպարտ ենք այդ իրողությամբ, որի լավագույն արդյունքների ամփոփմանն էլ հենց նվիրված է այսօրվա հանդիսությունը: Դիմելով ձեզ, սիրելի աշակերտներ, ջերմորեն շնորհավորելով ձեր հաղթանակները, անհրաժեշտ եմ համարում ասել՝ ինչ ուղղությամբ էլ, որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է հիշելը, որ դուք ազատության սերունդն եք: Սակայն չմոռանանք նաև, որ ազատությունը պահպանել, պաշտպանել ու ժառանգել է պետք: Հայրենիքի հզորացումը, բարեկեցությունը պայմանավորվում են ոչ միայն նյութական միջոցներով, այլև, առաջին հերթին՝ գրագետ ու հայրենասեր սերունդ ունենալով: Ուստի հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ: Ձեզ միշտ հաղթանակներ եմ մաղթում»,-իր խոսքը եզրափակեց մարզի ղեկավարը:
Նա մրցանակներ և դրամական պարգևներ հանձնեց մարզային մրցութային հանձնաժողովի որոշմամբ «Իմ ծննդավայրը» խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթի երրորդ կարգի մրցանակակիր, Դսեղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Թումանյանին, երկրորդ կարգի մրցանակիր՝ Աքորու միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Փիրուզա Վերմիշյանին և առաջին կարգի մրցանակակիր՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Մքոյանին:
Շարադրության մրցույթի մյուս յոթ հաղթողներին մրցանակներ հանձնեցին նրանց համայնքների ղեկավարները: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, «Իմ ծննդավայրը» խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթի հաղթողի մրցանակներ շնորհվեցին Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Մնացականյանին, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Պավել Սահակյանին, Մարգահովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մարտիրոսյանին, Շնողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անի Հոսյանին, Սարչապետի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Կարեն Կարապետյանին, Ագարակի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Չոբանյանին, Միխայելովկայի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Ավետյանին:
«Տարվա լավագույն տնօրեն» , «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների արդյունքները հրապարակելու, այդ անվանակարգերում հաղթող ճանաչված տնօրենի, ուսուցչի և դաստիարակի հավաստագրերը հանձնելու համար բեմ հրավիրվեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Նա մրցանակներ հանձնեց «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված Սուսաննա Դարբինյանին (Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի տնօրեն),« Տարվա լավագույն ուսուցիչ »՝ Լուսիկ Միրաբյանին (Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի դասվար), «Տարվա լավագույն դաստիարակ»՝ Արմինե Ձավարյանին (Ալավերդու թիվ 6 ՆՈՒՀ-ի դաստիարակչուհի):
2016-2017 ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Լոռու մարզից 17 դպրոցական դարձել է մրցանակակիր, ովքեր նույնպես մեծարվեցին միջոցառման ընթացքում: Հանրապետական առարկայական օլիմպիդայի 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմակիրներին մարզպետի շնորհավորագրեր հանձնեցին փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Հովհաննես Թադևոսյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
2-րդ և 3-րդ կարգի դիպլոմակիրներ են դարձել. հայոց լեզու առարկայից օլիմպիադայի 2-րդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի՝ Էմմա Արդարյանը (ուսուցչուհի՝ Անահիտ Իսկանդարյան): Հայոց լեզու առարկայից օլիմպիադայի 3-րդ կարգի դիպլոմակիր, Սպիտակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մերի Միքայելյանը (ուսուցչուհի՝ Գայանե Բարսեղյան):Պատմություն առարկայից օլիմպիադայի 2-րդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վոլոդյա Մազմանյանը (ուսուցչուհի՝ Լալա Միրզոյան):
Քիմիա առարկայից օլիմպիադայի երկրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հրաչ Սաքանյանը (ուսուցչուհի՝ Մետաքսյա Հակոբյան): Քիմիա առարկայից օլիմպիադայի երրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Ղազարոսյանը (ուսուցչուհի՝ Մետաքսյա Հակոբյան): Պատմություն առարկայից օլիմպիադայի երկրորդ կարգի դիպլոմակիր, Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Պետրոսյանը (ուսուցչուհի՝ Սուսաննա Հովվյան): Քիմիա առարկայից օլիմպիադայի երկրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Ղուկասյանը (ուսուցչուհի՝ Կատյա Նալբանդյան): Քիմիա առարկայից օլիմպիադայի երրորդ կարգի դիպլոմակիր՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ Գոռ Մնացականյանը (ուսուցչուհի՝ Կատյա Նալբանդյան): Ռուսաց լեզու առարկայից օլիմպիադայի երկրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի՝ Էլմիրա Շահվերդյանը (ուսուցչուհի՝ Նատալյա Նալբանդյան): Ռուսաց լեզու առարկայից օլիմպիադայի երրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի՝ Ջուլիետա Թովմասյանը (ուսուցչուհի՝ Կարինե Բալիկյան), ռուսաց լեզու առարկայից օլիմպիադայի երրորդ կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Մովսեսյանը (ուսուցչուհի՝ Կարինե Բալիկյան): Նախնական զինվորական պատրաստություն առարկայից օլիմպիադայի երկրորդ կարգի դիպլոմակիր, Մարգահովտի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Ղումաշյանը (ուսուցիչ՝ Քոչար Քոչարյան):
2016-17 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-ին կարգի դիպլոմներով պարգևատրված աշակերտներին շնորհավորագրեր և մրցանակներ հանձնեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պարգևատրվեցին մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր, Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Աղաջանյանը (ուսուցչուհի՝ Մանուշ Բաղդասարյան): Քիմիա առարկայից օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սպարտակ Սաղյանը (ուսուցչուհի՝ Մետաքսյա Հակոբյան), նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը (ուսուցչուհի՝ Մետաքսյա Հակոբյան): Հայ եկեղեցու պատմություն առարկայից օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր, Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Սիլվի Ալեքսանյանը (ուսուցչուհի՝ Աննա Թովմասյան):Նախնական զինվորական պատրաստություն առարկայից օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր, Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մերուժան Ծերունյանը (ուսուցիչ՝ Հովհաննես Բաբայան):
Ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին մարզկենտրոնի գեղարվեստական խմբերը, անհատ կատարողները, ասմունքողները, բարեմաղթանքի խոսքեր հղեցին Ձմեռ պապն ու Ձյունանույշը:
Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց ջերմ ծափողջույններով՝ ուղղված միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին, բոլոր մրցանակակիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27