Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ոստիկանության հետ
14.12.2017
Ընթացիկ հարցերի քննարկման նպատակով այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ղեկավար կազմի հանդիպումը Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկումը վարում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:
Հանդիման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին բազմաբնակարան շենքերի շքամուտքերի լուսավորության ապահովումը, վարչական տարածքներում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տեսանկարահանող սարքերի, դռների կոդավորվող փականների տեղադրումը և այլն: Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը ներկայացրեց նաև բնապահպանական ոլորտին, մասնավորապես՝ անտառահատումների կանխարգելմանը, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում համայնքապետարանների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մարզի ոստիկանապետը կարևորեց նախատոնական և տոնական օրերին հասարակական կարգի պահպանման հետ կապված աշխատանքները, ինչպես նաև պայթուցիկ հրավառ նյութերի անցանկալի հետևանքների կանխարգելման նպատակով բնակչության հետ ոստիկանության, համայնքի ղեկավարության կողմից տարվելիք բացատրական աշխատանքները:
Համայնքների ղեկավարները անդրադարձան նշված ուղղություններով իրենց համայնքներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Մարզի ղեկավարն իր հերթին մարզպետարանի աշխատակազմի և համայնքների ղեկավարների անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը հատկապես տոնական օրերին անցանկալի դեպքերը կանխարգելելու նպատակադրությամբ: