Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻՆ

14.12.2017

 Դեկտեմբերի 12-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ և Լոռու մարզպետ Արթուր նախաձեռնությամբ և տեղի ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և առաջնորդության 21 ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, մշակութային ու հասարակական գործիչներ, ուսանողներ, հյուրեր: Ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միաբան եպիսկոպոսներ:
Միջոցառումն սկսվեց ՀՀ պետական օրհներգով, ապա բոլոր ներկաները միասին աղոթք հնչեցրեցին առ Աստված: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն հայոց հայրապետի օրհնության և շնորհավորանքի գիրը, որից հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հոբելյանական տարեդարձերի առթիվ սրբազան հորը նվիրեց ոսկեզօծ և ադամանդակուռ ձեռաց խաչ:
««Մեր երկրի մեծագույն հարստությունը հայ մարդն է»,-ասում եք դուք,- «Ճիշտ այնպիսին, ինչպիսին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանն է» ,- ասում ենք մենք»,- իր խոսքում Սրբազանին ներակայացրեց և շնորհավորական ուղերձ հղեց միջոցառման նախաձեռնող և հովանավոր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա սրբազանին պարգևատրեց Լոռու մարզպետի ոսկե մեդալով:
Հանդիսատեսին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին և շնորհավորանքներ հնչեցրին նաև Շիրակի թեմի առաջնորդ,գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ևՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը սրբազանին նվիրեց «Աստվածածնի յոթ վերքը» սրբապատկերը, որն իր հերթին սրբազան հայրը նվիրեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սեպուհ սրբազանի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմաշար:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան կամերային նվագախումբը, «Հորովել» երգի-պարի համույթը, մենակատարներ Արմինե Վիրաբյանը, Արմեն Ներսիսյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Ստեփան Դալլաքյանը:
Սրբազան հորը և ներկաներին իրենց կատարումով հիացմունք պարգևեցին Գուգարաց թեմի քահանա հայրերը՝ խմբերգով կատարելով «Հայրիկ, հայրիկ» երգը՝ Կոմիտասի մշակմամբ:
Հոբելյանական այս տոնակատարությունների առթիվ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բարձրանալով բեմահարթակ, իր ողջույնի, շնորհակալության, գնահատանքի և օրհնության խոսքն ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, միջոցառումը նախաձեռնելու և իրականացնելու համար:
Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքների համար: Ապա դիմեց դահլիճում ներկա գտնվողներին՝ ասելով.
«Այսօր իմ հասցեին հնչած բոլոր բարի, ազնիվ գնահատանքի խոսքերի միակ հասցեատերը ես չեմ: Ես, գիտեք, որ Ձեր առջև երբեք չեմ կեղծել: Ուստի և այս գնահատանքի հասցեատերը դուք եք՝ այս դահլիճում նստածներդ՝ ներկա ու նախկին բոլոր մարզպետները, քաղաքապետերն ու համայնքապետերը, իմ արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա եղբայրները, խաչքավորները, ներկա ու նախկին պատգամավորները և իմ Մեծ ուսուցիչները՝ գյուղաբնակ ու քաղաքաբնակ ժողովուրդը:
Իմ առաջնորդության անցնող 21 տարիները լի էին թե´ փորձություններով և թե´ փորձառություններով: Աշխատեցի մնայուն արժեքներ ստեղծել, անցողիկ ու առօրյա ճղճիմ խնդիրներից վերանալ:Հաջողությունների համար պարտական եմ Բարձրյալին, որ օրհնեց իմ ծնողներին և ինձ: Օրհնեց ու դարձրեց իր հոտի սպասավորը: Եվ, ինչպես միշտ, այժմ էլ աղոթում եմ՝ Փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»:
Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց սրբազան հորը:Հոբելյանական միջոցառումն ավարտվեց միասնական երգչախմբի կողմից երգի կատարմամբ:
Սրբազանին գրավոր իրենց շնորհավորանքներն էին հղել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդները՝ թե´ Հայաստանից և թե´ աշխարհասփյուռ թեմերից, Պոլսի «Ակոս», «Մարմարա», «Ժամանակ» օրաթերթերը և հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59