Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային լսում Լոռու մարզպետարանում
13.12.2017
Հաշվի առնելով Արջուտ գյուղի մերձակայքում գործող աղբավայրի հետագա օգտագործելիության աննպատակահարմարությունը՝ հանրապետության կառավարությունը գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ և իր ներդրումային մասնաբաժնով տարիներ առաջ նպատակահարմար գտավ առնվազն 25 տարվա գործարկման հնարավորությունով և աղբապահպանման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր աղբավայրի կառուցում Վանաձոր և Սպիտակ բնակավայրերի միջնահատվածում: Կատարվեցին ապագա աղբավայրին հարող համայնքների բնապահպանական, սոցիալ-կենցաղային հիմնահարցերի ուսումնասիրություններ, հանրային լսումներում հաշվի առնվեցին հնարավոր ռիսկային հանգամանքներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի հերթական հանրային ծանուցումն ու քննարկումը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՀՀ բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների մասնագետներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության կենտրոնի փորձագետներ, մարզպետարանի մասնագետներ, աղբավայրի հարակից համայնքապետարանների ներկայացուցիչներ: Շահագրգիռ խոսակցություն ծավալվեց կառուցվելիք աղբավայրի բնապահպանական հիմնավորումների, ինչպես նաև դրա կառուցապատման տարածքում գտնվող սեփականության իրավունքով կառույցների ու հողատարածքների հետագա ճակատագրերի շուրջ:
Հանրային հերթական լսումն անցավ ակտիվ քննարկումների, առանձին դեպքերում՝ աղբավայրին անմիջապես հարող համայնքների ղեկավարների կողմից սուր հարցադրումների պայմաններում: Քննարկման մասնակիցներին հուզող հարցերին փորձագետները տվեցին պարզաբանումներ: