Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրակարգում 2017-2025թթ տնտեսական ռազմավարության քննարկումն էր
01.12.2017
Դեկտեմբերի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ տեղի ունեցան երկու խորհրդակցություններ՝ ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց, ապա խոշորացված համայնքների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ:
-Մեկ տարի առաջ մենք կառավարության հաստատմանն ենք ներկայացրել Լոռու մարզի 2017-2025թթ զարգացման ծրագիրն ու ռազմավարությունը և այժմ մեր խնդիրն է հստակեցնել յուրաքանչյուր տարվա նախանշվելիք ցուցանիշներն ու դրանց իրականացման գործիքները: Այսպիսին է մեր այսօրվա հանդիպման նպատակը,- ասաց մարզպետը՝ ձայնը տալով ՏԿԶ նախարարի տեղակալին:
Վ. Կարապետյանը հանգամանորեն անդրադարձավ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր տարվա համար տարեկան աշխատանքային պլանի մշակման հանգամանքներին, սպասվող ռիսկերին ու դրանց հաղթահարման գործիքներին: Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի պատասխանատուների կողմից եղան մի շարք առարկայական հարցադրումներ, որոնց բանախոսը տվեց համապատասխան պարզաբանումներ:
Այնուհետև մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ևս մեկ խորհրդակցություն, որի թեման ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ խոշորացված համայնքներում ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների կազմակերպման ներկայացումն էր:
Շեշտվեց, որ խոշորացված ու 5 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում պետք է լինեն տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու աշխատակիցներ, ովքեր զբաղվելու են ծրագրերի մշակմամբ:
Վարազդատ Կարապետյանը խոսեց համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի մասին, դրանցում կարևորելով համայնքների կողմից տեղերում առկա առաջնահերթ խնդիրների կազմումը, մշակումն ու ծրագրերում ներառումը:
Քննարկված խնդրի շուրջ մի շարք հարցադրումներ եղան, որոնց տրվեցին պարզաբանումներ: