Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին «Վորլդ Վիժն Հայաստան » կազմակերպության Լոռու մարզային կառույցի աշխատակիցները
01.12.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ դիրքորոշմամբ՝ մարզպետարանի աշխատակազմը սերտորեն համագործակցում է մարզում գործունեություն ծավալող բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես կայուն գործընկեր և աջակցում ողջունելի բոլոր նախաձեռնություններում:
Այդպիսի կառույցներից է«Վորդ Վիժն Հայաստան» կազմակերպության Ստեփանավանում գործող Լոռու մարզային գրասենյակը, որի սերտ գործակցությունը Լոռու մարզպետարանի հետ տարիների պատմություն ունի: Այն վերածվել է ջերմ բարեկամության: Այսօր կազմակերպության հյուրերն էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ, ովքեր եկել էին շնորհավորելու գործընկեր կառույցին սոցիալական աշխատողի մեկամսյակի առիթով և զրուցելու ընթացիկ ծրագրերի և խնդիրների շուրջ:
Մտերմիկ միջավայրում քննարկվեցին նաև սոցիալական ոլորտում առկա խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներ առաջարկվեցին և մարզի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու: Քննարկվեցին սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված հարցեր ՝մասնավորապես մանկատների և խնամքի կենտրոնների վերակազմակերպմանը վերաբերող և այլն:
-Հաշվի առնելով ձեր կառույցի կողմից իրականացված մեծածավալ ծրագրերը՝ մենք բարձր են գնահատում ձեր ներդրումը և համոզված ենք՝ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նաև այսուհետ,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը: Նա կազմակերպության աշխատողներին շնորհակալագրեր հանձնեց՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մշտական ուշադրության և աշխատանքը բարձր գնահատելու համար՝ վստահեցնելով, որ մարզային կառույցի հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև մարզպետարանի աջակցությամբ՝ ի դեմս մարզի ղեկավարի: