Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախակրթարաններոմ ևս «Սմարթ» սենյակներ կստեղծվեն

27.11.2017

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով նաև, որ մարզային դրամահավաք-մարաթոնի ընթացքում հավաքագրվել է շուրջ 13 մլն 498 հազար դրամ՝ 380 հազար դրամով ավելի, քան նախորդ տարի: Նա նշեց, որ բանկային փոխանցումները շարունակվում են, և այս թիվը աճի միտում ունի:
Մարզի ղեկավարը ներկայացրեց նոյեմբերի 20-22-ը Ֆրանսիայի հանրապետություն կատարած այցը՝ մասնավորապես հայտնելով, որ ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մյուզելիեի հետ քննարկվել են 2015 թ. Լոռու մարզկենտրոն Վանաձորում կնքված հուշագրի շրջանակներում երկու տարածաշրջանների բարեկամական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը շարունակելու և է՛լ ավելի ամրապնդելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Մարզպետի տեղեկացմամբ՝ Ռենո Մյուզելիեն առաջարկել է համագործակցության արդեն հաստատված երեք ուղղություններին՝ պատմական տուրիզմի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, ձեռնարկությունների միջազգայնացում, ավելացնել նաև շրջակա միջավայրի պահպանությունը:
-Մենք անդրադարձանք նաև Ախթալայում Մորգանի թանգարանի ստեղծման պայմանավորվածությանը, և ուզում եմ ուրախությամբ նշել, որ ՊԱԿԱ-ն շուրջ 85 հազար եվրո գումար կհատկացնի այդ թանգարանի ստեղծման համար: Աշխատանքները նախատեսում ենք իրականացնել 2018թ.-ին: Համոզված եմ, թանգարանի ստեղծումը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամության է՛լ ավելի ամրապնդմանը և զբոսաշրջության զարգացմանը մեր տարածաշրջանում,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել նաև մարզի՝ առայժմ խոշոր մանկապարտեզներում Սմարթ սենյակների ստեղծման հնարավորությունները, որպեսզի արդեն հաջորդ տարի հնարավոր լինի այս գաղափարը ևս կյանքի կոչել:
-Այս նախաձեռնությունը Լոռին «Սմարթ մարզ» հայատարարելու գաղափարի մի օղակը կարող է հանդիսանալ: Մենք այսկերպ կարող ենք սահուն անցում կատարել նախակրթարանից դեպի դպրոց,-ասաց մարզպետը:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրմանը, որը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա հայտնեց, որ 11 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 90 տոկոս, հողի հարկինը՝ 79 և գույքահարկինը՝ 91 տոկոս: Վարչության պետը նշեց, որ մարզը թերանում է հիմնականում հողի հարկի գծով: Մարզպետը խստորեն հանձարարեց ընդամենը մի քանի աշխատանքային օրվա ընթացքում շտկել իրավիճակը:
Մարզի արդյունաբերության իննամսյա արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է՝ 104256.7 մլն դրամ, 2016թ. նույն ժամանակաշրջանի 95860.8 մլն դրամի դիմաց: Համադրելի գներով թողարկվել է 92466.2 մլն դրամի արտադրանք, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է՝ կազմելով նախորդ տարվա 96.5%-ը (1-ին կիսամյակում՝ 92.2%, 1-ին եռամսյակում՝ 87.9%), բացարձակ նվազումը՝ 3394.6 մլն. դրամ: Համադրելի գներով նվազումը հիմնականում բացատրվում է «Թեղուտ» ՓԲԸ-ում (91.5%) և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ում (95.7%), թողարկվող արտադրանքի ծավալների նվազմամբ: Լոռու մարզի արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում(ընթացիկ գներով) 9 ամիսների արդյունքներով կազմել է 8.8 % (4-րդ ցուցանիշը):
Մարզի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ տարին ամփոփելուց հետո մակրոտնտեսական ցուցանիշներով մարզը աննախադեպ արդյունք կունենա, քանի որ այս տարի հատկապես շինարարության գծով մեծածավալ ներդրումներ են կատարվել:
Գյուղական բնակավայրերում անավարտ բնակելի տների շինարարության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, իսկ գյուղատնտեսական աշխատանքների այս տարվա ցուցանիշներն ամփոփեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա հայտնեց, որ այս տարի գրեթե բոլոր մշակաբույսերի գծով մարզը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23