Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզի ղեկավարի հետ՝ բարեգործական շարժառիթով
24.11.2017
![](http://lori.mtad.am/files/n_pics/14312_s.jpg)
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպելու ցանկություն էին հայտնել Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի մի խումբ անդամներ: Հանդիպման առիթը առողջական լուրջ խնդիր ունեցող վանաձորցի փոքրիկ Արեգին օգնություն ցուցաբերելն էր:
Աշակերտական խորհրդի անդամներն ու մանկավարժները մարզի ղեկավարին պատմեցին «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից հայտարարված ամենամյա «Բարին արա» կամավորական ակցիայի շրջանակներում «Սիրո և բարության կանթեղ` Արեգի համար» իրենց նախաձեռնության մասին:
Փոքրիկ Արեգի հիվանդության պատմությանը ծանոթանալուց հետո Գրիբոյեդովի անվան ավագ դպրոցն անհապաղ գործի է անցել երեխայի բուժման ծախսերը հոգալու նպատակով: Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանգանակություն, շրջիկ արկղով դրամահավաքին մեծ սիրով մասնակցել են և՛ աշակերտներն ու մանկավարժները, և՛ բազմաթիվ ծնողներ: Մարդասիրական նախաձեռնությանը լայն արձագանք հաղորդելու նպատակով նաև ստեղծվել ու համացանցի սոցիալական ցանցում տարածվել է քարոզչական տեսահոլովակ՝ երեխայի հիվանդության պատմության ու ձեռնարկված մարդասիրական միջոցառումների վերաբերյալ:
Բացի այդ շուտով կազմակերպվելու է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև նոյեմբերի 30-ին, ժամը 12-ին՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու նեքնահարկում ամփոփիչ համերգ-նվիրվատվություն՝ փոքրիկ Արեգին և նրա ընտանիքին աջակցելու նպատակով:
Մարզի ղեկավարը բարձր գնագհատեց ու խրախուսեց նրանց մարդասիրական նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց անձնական մասնակցություն ունենալ կարիքավոր մանկան բուժման նպատակով կատարվող դրամահավաքին: