Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությունը կշարունակվի

24.11.2017

Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպ կոտ դ՛ Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի նախագահ պարոն Ռենո Մյուզելիեի հրավերով նոյեմբերի 20-22-ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը մեկնեցին Մարսել՝ «Միջերկրականի ապագան» խորագրով Միջերկրական երկրների տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով: Նրանց միացել է Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը:
Նոյեմբերի 20-ին հանդիպում տեղի ունեցավ ռեգիոնալ խորհրդի նախագահի հետ: Ինչպես հայտնի է, դեռևս 2008 թ. հունիսին ՀՀ Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի միջև կնքվել է համագործակցության շրջանակային պայմանագիր, համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև 2012 և 2015 թվականներին:
Ֆրանսիական կողմից հանդիպմանը մասնակցեցին՝ ռեգիոնալ խորհրդի նախագահի միջազգային հարցերով տեղակալ տիկին Կարոլին Պոզմանտիեն, Եվրոմիջերկրական հանձնաժողովի նախագահ տիկին Ագնես Ռամպալը, միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար պարոն Ժան-Իվ Աստրյուկը: Քննարկվեցին համագործակցության ծրագրերը և հեռանկարները: Մասնավորապես նշվեց, որ 2012 թ. երկու ռեգիոնների միջև կնքված համագործակցության եռամյա հուշագրի գերակա ուղղություններն են եղել գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ֆրանկոֆոնիան, իսկ 2015 թ. Լոռու մարզկենտրոն Վանաձորում կնքված նոր հուշագիրը երկու տարածաշրջանների բարեկամական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը շարունակելու և է՛լ ավելի ամրապնդելու նպատակ է հետապնդել։ Տեղեկացվեց, որ համագործակցության շրջանակներում Լոռու մարզում զբոսաշրջային միջհամայնքային գրասենյակ ստեղծելու ծրագրին աջակցելու նպատակով ընտրվել էր Ֆրանսիական Օտ Տեղ դը Պրովանս ասոցիացիան, որը ֆինանսավորվել է Պակա Ռեգիոնի կողմից: Հետագայում փորձագետներ են այցելել Լոռու մարզ Դեբեդ գետի վրա ռաֆթինգ սպորտաձևի հնարավորությունների գնահատման նպատակով:
Այդուհանդերձ պարոն Ռենո Մյուզելիեն առաջարկեց համագործակցության արդեն հաստատված երեք ուղղություններին՝ պատմական տուրիզմի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, ձեռնարկությունների միջազգայնացում, ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը և ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանությանը: Լոռու մարզպետը սիրով ընդունեց առաջարկությունները:
Նույն օրը անցկացվեց կլոր սեղան 20 երկրների մասնակցությամբ, որտեղ մարզի ղեկավարը հանդես եկավ ելույթով՝ թե՛ երկու մարզերի համագործակցության, թե՛ Լոռու մարզում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
Նոյեմբերի 21-ին անցկացվեց ֆորում «Միջերկրականի ապագան» խորագրով: Ֆորումի մասնակիցների թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը: Ֆորումում ելույթ ունեցան Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լյո Դրիոնը, Մոնակոյի Արքայազն Ալբերտ 2-րդը և այլոք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22