Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրության կենտրոնում հաշմանդամների հիմնախնդիրներն են

15.11.2017

 Նոյեմբերի 15-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի Գրիգորյան կենտրոնի սրահում հերթական նիստը գումարեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը» մարզի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների և հասարակական կազմակերպությունների, հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ ողջունեց «Խաչվող ուղիներ» ՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանին հանձնաժողովին անդամագրվելու կապակցությամբ, հուսալով, որ իր գիտելիքներով ու բազմափորձությամբ նա իր օգտակար ներդրումը կունենա հանձնաժողովի աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու հարցում:
Ապա Լոռու մարզի հատուկ դպրոցների վերակազմկերպման արդյունքում հանրակրթական դպրոց հաճախող երեխաների և նրանց ընտանիքների շրջանում իրականացվող ընթացիկ աշխատանքների մասին հանգամանալի տեղեկատվություն ներկայացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Շեշտելով, որ հանրապետությունում առաջինը Լոռու մարզում մեկնարկելով համընդհանուր ներառական կրթությունն արմատավորելու ՀՀ կառավարության որոշումը, զգալի նախապատրաստական աշխատանքներ են իրականցվել այդ ուղղությամբ, ակնառու են որոշակի հաջողություններ, չանտեսելով, որ առաջինը լինելու հնագամանքը չի շրջանցվել նաև որոշակի դժվարություններից ու խոչընդոտներից: Նա հատկապես ընդգծեց, որ հակառակ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող արտահայտությունների, մարզի խնամքի կենտրոնները ոչ թե փակվել, այլ վերակազմավորվել են հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների: Իսկ դրանց թվով 96 սաները հաճախում են հանրակրթական դպրոցներ: Ն. Սարգսյանը չանտեսեց, որ նորություն լինելու հանգամանքը չի բացառել նաև որոշակի խնդիրների դրսևորումը, մասնավորապես որոշ դպրոցներում հենաշարժողական խնդիրներով դպրոցականների անկաշկանդ տեղաշարժը խոչընդոտող հանգամանքների առկայությունը, մասնագիտական թիմերի պակասը, որոնց լուծման ուղղությամբ հընթացս հետևողական աշխատանքներ են տարվում: Զեկուցողը համակարգի բարենորոգման հարցում կարևորեց նաև հասարակական կառույցների համագործակցությունը մարզպետարանի հետ:
Հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի՝ հաշմանդամություն ունեցող դեռահասների հետ տարվող բազմակողմանի աշխատանքներին: Այդ մասին խոսեցին հանձնաժողովի անդամ «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը, ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհների շրջանակներում «Օրրանի» իրականացրած «Արի՛ սովորենք» ծրագրի փորձագետ Անի Գաբրիելյանը և «Օրրանի» ֆոնդերի հայթայթման մասնագետ Մանանա Մանանյանը: Հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին ներառական կրթության համակարգում կազմակերպության ուսումնասիրությունների նպատակասլացությունը, իսկ մարզպետն առաջարկեց ուսումնասիրության արդյունքները ներկայացնել մարզպետարան՝ հիմնախնդիրներին համապատասխան լուծում գտնելու ակնկալությամբ:
Մարզային հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների վարչության ներկայացուցիչները: Գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը մանրամասն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված այն բարեփոխումներին, որոնք առնչվում են հաշմանդամներին անվասայլակների և լսողական սարքերի հատկացման գործընթացի բարելավմանը: Նա նշեց, որ այսուհետ շահառուներին ոչ թե կհրամցվի պատահական ընտրությամբ անվասայլակ կամ լսողական սարք, այլ նրանց կտրամադրվի պետական հավաստագիր անհրաժեշտ գույքը սեփական նախասիրությամբ ձեռք բերելու համար:
Օրակարգի վերջին հարցով հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն անդրադարձավ նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հաշմանդամության հիմնահարցերին նվիրված արդեն ավանդական դարձած միամսյակին, ամփոփ թվարկելով այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն մեկամսյա աշխատանքների ընթացքում՝ նաև համագործակցության կոչ անելով շահագրգիռ կառույցներին:
Ամփոփելով նիստի աշխատանքը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը հանձնաժողովի անդամներին, շահագրգիռ բոլոր կառույցներին կոչ արեց նպատակասլաց աշխատանքով մասնակցել ֆիզիկական անհարմարություններ կրող անձանց հանրային կյանքին լիարժեք ինտեգրվելու և այդ ոլորտում առկա հիմնախնդիրներին համատեղ լուծումներ տալու գործընթացներին:
«Օրրանի» նախաձեռնությամբ հանձնաժողովի նիստի ավարտին ներկաներին գեղարվեստական կատարումներ նվիրեցին կազմակերպության սաները, ցուցադրվեցին պատանի օրրանցիների ստեղծագործությունները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53