Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը մասնակցեց Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

09.10.2017

 Վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին մասնակցեց Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման շրջանակում վարչապետ Կարապետյանը և մարզի ղեկավարը դիտեցին Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելեցին Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվեցին Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցեցին վանաձորցիների հետ և շնորհավորեցին նրանց քաղաքի օրվա առթիվ:
Նրանք ներկա գտնվեցին նաև իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Լոռու մարզում նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. ապրիլին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Կարբոնի արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ (մսի (հալալ) արտադրությամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին, ներդրումների ծավալը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: Վարչապետը ողջունեց իրանական ընկերության կողմից մեր երկրում նման խոշորածավալ ներդրումային ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը շահագրգռված է դրա հաջող իրականացմամբ և պատրաստ է ցանկացած հարցով աջակցել:
Այնուհետև կառավարության ղեկավարը և մարզպետը այցելեցին Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածք և ծանոթացան այն զբոսաշրջային առումով գրավիչ հանգստյան գոտի դարձնելու ներդրումային ծրագրի վերաբերյալ մշակված առաջարկություններին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է «Թթու ջուր» հանգստյան գոտու ու Բոշյան փողոցի բարեկարգում, Բոշյան փողոցում հասարակական սպասարկման օբյեկտի կառուցում և արգելոց հնավայրի հիմնում: Կարեն Կարապետյանը կարևորել է համակարգված աշխատանքների իրականացումը՝ ներդրողներ ներգրավելու և բիզնես ծրագիրն իրականացնելու համար:
Վարչապետի վանաձորյան այցի հաջորդ կանգառը նախկին «ԶԱԳՍ»-ի շենքի տարածքն էր. վարչապետը ծանոթացել է այստեղ ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններին և պատասխանատուների հետ քննարկել դրան վերաբերող հարցեր: Այստեղից հյուրերը քայլեցին դեպի Վանաձորի Թումանյան հրապարակ, ծանոթացան քաղաքում աղբահանության և մաքրության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորեց Վանաձորի քաղաքապետին՝ ավելի հետևողական լինել քաղաքի մաքրության պահպանման հարցում և արդյունավետ կազմակերպել աղբահանությունը: Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար հատկացված 290 մլն դրամի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
Այցի ավարտին Կարեն Կարապետյանը եղավ նաև քաղաքի «Մոր և մանկան այգում», ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00