Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին մարզի մանկավարժները

05.10.2017

 Ուսուցիչների միջազգային օրն այն եզակի տոներից է, որն առանձնակի երախտագիտությամբ է նշում յուրաքանչյուր քաղաքացի՝ սիրով հիշելով, իր մանկավարժներին, իր առաջին ուսուցչին: Այն շնորհակալական խոսքեր հնչեցնելու ևս մեկ հրաշալի ու սպասված առիթ է: Տոնը երբևէ չի անտեսվում նաև մարզային իշխանությունների կողմից: Այսօր ուսուցիչների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Մարզի տարբեր համայնքներից հրավիրված վաստակաշատ մանկավարժներին ու մանկապարտեզների դաստիարակներին շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Իրենց դպրոցական տարիների հիշողություններով կիսվեցին, առաջին ուսուցիչների մասին հուշեր պատմեցին Լոռու մարզպետը, Գուգարաց թեմի առաջնորդը:
Սրբազանի օրհնության խոսքին հաջորդեց մարզի վաստակաշատ մանկավարժների պարգևատրումը: Մարզպետի շնորհավորագրերին, դրամական պարգևներին և գեղեցիկ ծաղկեփնջերին արժանացավ 33 մանկավարժ:
-Մեր հասարակական կյանքում դուք մշտապես ունեցել եք ձեր ամենապատվավոր ու հարգալից տեղը, քանի որ նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի ամենանվիրական տեսլականները՝ հայրենասիրության դարավոր ոգին, հայրենիքի արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Մեր պետության հզորացման և ազգային իղձերի իրականացման գործում կարևոր ենք համարում ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը,-ասաց մարզի ղեկավարը՝ ընդգծելով, որ բարձր գնահատականի արժանի են բոլոր մանկավարժները, ովքեր անկախ դժվարություններից սիրով ու նվիրումով են կատարում իրենց աշխատանքը՝ հավատարիմ մնալով «ուսուցիչ» բարձրագույն կոչմանը:
Մարզպետը նրանց շնորհավորեց նաև հյուրասիրության սեղանների շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00