Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարիզ մշակութային միջոցառումներին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարը և մարզի ղեկավարը

25.09.2017

 Սեպտեմբերի 24-ին Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում պաշտոնապես բացվեցին թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը, նոր ենթակառուցվածքային շինությունը, որը կառուցվել է ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի ներդրումներով։ Դսեղի հրապարակում բացվեց թումանյանական քարե քանդակների հրապարակը, որը նույնպես իրականացվել է մշակույթի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Մարզի համար այս կարևոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրասբեկյանը, ասաց, որ տուն-թանգարանում սանհանգույց չկա, և մենք որոշեցինք կառուցել: Սանհանգույցի գաղափարը հանգեցրեց նաև բացօթյա ցուցասրահ ու հանգստյան տաղավար ունենալու մտքին: Հետագայում ծնվեց նաև բակն ու հարակից հրապարակը թումանյական հերոսների քանդակներով զարդարելու գաղափարը: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենն ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են, որպեսզի մենք կարողանանք 2019-ին պատշաճ մակարդակով նշել Թումանյանի 150-ամյա հոբելյանը»,- Թումանյանի տուն-թանգարանի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր արձագանքելով նախարարության կոչին, մասնակցեցին քանդակագործների սիմպոզիումին ու մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծեցին թումանյանական թեմաներով հրաշալի քարե արձանները՝ հարակից հրապարակում, և փայտե քանդակները՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում:
Արմեն Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանին, ում ներդրումներով է կառուցվել թանգարանի ենթակառուցվածքային շինությունը:
Աշոտ Տիգրանյանն ինքը ևս շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար:
«Պատրաստ եմ օգտակար լինել նաև հետագայում: Իսկ աշխատանքի արդյունքով միանգամայն բավարարված եմ»:
«Շատ ուրախ եմ ու ոգևորված, որ Դսեղում նման միջոցառում է անցկացվում: Սա չափազանց կարևոր մի ծրագիր էր: Նման սիմպոզիում Դսեղում վաղուց չէր կազմակերպվել: Ամենակարևորն այն է, որ քանդակները նվիրվում են համայնքին: Թումանյանի տուն-թանգարանում սանհանգույց չունենալն անընդունելի էր: Շնորհիվ մեր բարերարի, թանգարանն այսօր ունի ոչ միայն սանհանգույց, այլև փոքրիկ ցուցասրահ ու տաղավար, որտեղ հնարավոր է հուշանվերների վաճառք իրականացնել: Սա հրաշալի նվեր էր ոչ միայն Դսեղին, այլև ողջ Լոռու մարզին»,-ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն էլ նշեց, որ կատարված փոփոխությունները նոր շնչառություն են հաղորդել թանգարանին: Շատերը գալիս են՝ հաշվի չառնելով անգամ վերակառուցվող ճանապարհի դժվարությունները: Այցելուներն ավելի երկար են մնում թանգարանի տարածքում, լուսանկարվում ու հաճելի ժամանակ անցկացնում:
Լոռու մարզի Օձուն համայնքում ևս երեկ տոնական տրամադրություն էր: Օձունում նախարարը և մարզպետը մասնակցեցին գեղանկարիչների «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսի փակմանը. փառատոն-ցուցահանդեսը կազմակերպել էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի շրջանակում շուրջ տասը երկրի ներկայացուցիչներ, տասն օր ապրել են Օձունում ու տարածաշրջանի գեղարվեստական պատկերն արտացոլել իրենց կտավներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17