Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եկեղեցու վերաօծման օրը հայտարարվեց Ագարակ գյուղի օր

23.09.2017

Սեպտեմբերի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ագարակցիների համար այս չափազանց կարևոր միջոցառմանն իր մասնակցությունն էր բերել մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերաօծման արարողությանը ներկա էին նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, տարածաշրջանի համայնքապետեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, հոգևոր հայրեր:
Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1812 թվականին և չնայած այն տասնամյակներ շարունակ չի եղել գործող եկեղեցի, սակայն եղել է սիրված և միակ սրբավայրը Ագարակ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկաձև է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ և ժամանակի ընթացքում ավերվել։ 1892 թվականին համայնքի ջանքերով եկեղեցին մասամբ վերականգնվել է, իսկ 2001 թվականին Սամվել Ռշտունու նախաձեռնությամբ կատարվել են ծածկի հիմնանորոգման աշխատանքներ:
Վերջին ամիսներին սկսված վերանորոգման աշխատանքները սպասումի մեջ էին պահում համայնքի բնակչությանը: Այսօր եկեղեցին լիովին պատրաստ է ընդունելու Ագարակի և հարակից համայնքների բնակիչներին:
Գուգարաց թեմի առաջնորդարանն իր նյութական միջոցներով վերակառուցել է եկեղեցու խորանի Սուրբ Սեղանը, տանիքի տախտակապատումը և թիթեղյա ծածկը, եկեղեցու պատերի սվաղը, մուտքի դռան անձրևածածկը, մետաղապլաստե պատուհանները, եկեղեցու շուրջբոլոր մայթի կառուցումը, ինչպես նաև իրականացրել հարդարման աշխատանքները: Շինարարական աշխատանքներին իր մասնակցությունն է բերել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Թեմակալ առաջնորդի հորդորներին ընդառաջ` Ագարակ համայնքի ղեկավար Ռուբիկ Բարխուդարյանը և մի շարք այլ բարերաներ դրամական աջակցություն են ցուցաբերել եկեղեցու նորոգումն ավարտին հասցնելու և այն կահավորելու ու սրբապատկերներով զարդարելու գործում:
Եկեղեցու նորաօծ խորանում թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ` տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագի ավարտին Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց մեծ և փոքր ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, ու սրբապատկեր նվիրեց Ագարակի համայնքապետին:
Մարզի ղեկավարն, իր խոսքում շնորհավորելով ագարակցիներին և շնորհակալություն հայտնելով Գուգարաց թեմին և բոլոր բարերարներին աստվածահաճո գործի համար, չափազանց կարևորեց հին եկեղեցիների վերականգնման կարևոր առաքելությունը:
-Կարևորելով եկեղեցաշինությունը՝ առավել կարևորում եմ դարերի պատմություն ունեցող մեր վանքերի ու եկեղեցիների վերականգնումը և այս հարցում նաև Գուգարաց թեմի առաջնորդի մեծ ջանքերը: Մեր պատմական սրբավայրերում մեր նախնիների շունչն է: Դրանք պետք է սրբորեն պահպանենք,-ասաց Ա. Նալբանդյանը:
Ագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Ալիխանյանի կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ: Գուգարաց թեմի առաջնորդը եկեղեցու վերաօծման օրը հայտարարեց Ագարակ գյուղի օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43