Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
20.09.2017

Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար:
Մենք ի լուր աշխարհի ազդարարեցինք մեր վճռական որոշումը, որը մարմնավորում էր դարավոր իղձ, անկասելի ցանկություն և անբեկանելի ձգտում:
Անկախության հռչակագիրը ոչ թե երազել պարտադրող, այլ երազանքից ծնված փաստաթուղթ էր, որը գործնական հիմքի վրա դրեց այն, ինչ կար ինքնիշխանության ճանապարհն ընտրած ժողովրդի մտքում, հոգում և սրտում:
Մեզ պատերազմ պարտադրեցին և մենք մաքառումների, հերոս նահատակների արյան գնով կռվեցիք ու հաղթեցիք անհավասար պատերազմում:
Փա՛ռք հանուն հայրենիքի անկախության և պաշտպանության համար ընկած մեր եղբայրներին ու քույրերին:
Մենք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Մենք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ:
Մենք ապացուցեցինք աշխարհին, որ ազատ, անկախ Հայաստանն ու Արցախը ոչ միայն կենսունակ են, այլև ունեն բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:
Մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում անմասն չէ Լոռու մարզն ու լոռեցին: Միշտ ունեցել ենք և կունենանք մեր ծանրակշիռ ավանդը հայրենիքի տնտեսական հզորացման, մեր սուրբ սահմանները պաշտպանելու, մեր հոգևոր արժեքները պահպանելու և զարգացնելու գործում:
Հարգելի բարեկամներ, անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ:
Անկախությունը հայրենասիրության, պետականամետության, երկրի բարեկեցությունը, հզորությունն ամրապնդելու և զարգացնելու, նոր սերունդներին հայրենասիրաբար դաստիարակելու, գիտելիքներով զինելու մշտատև գործընթաց է:
Այսօր հանրապետությունում և, իհարկե, մեր մարզում մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման նոր ծրագրեր: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման, գյուղատնտեսության և հանքարդյունա-բերության մեջ և մնացած բոլոր ուղղություններով:
Հայոց պետություն նշանակում է համայն հայության ազատ ու անկախ հայրենիք, Հայոց պետություն նշանակում է հայրենաշահ երազանքների ու տեսլականների իրականացում:
Հայոց պետություն նշանակում է պատմական արժանապատիվ ու հավերժ ընթացք՝ մոլորակի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում և նրանց հետ:
Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավո՛ր անկախության տոնը: