Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի աշխատանքային խորհրդակցությունում

19.09.2017

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցության օրակարգը սովորականից ավելի հագեցած էր: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի՝ անցած շաբաթ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվությունից հետո մարզպետ Արթուր Նալբանդյանը ծավալուն վերլուծությամբ անդրադարձավ վերջին օրերին ՀՀ վարչապետի հետ աշխատանքային հանդիպման, կառավարության նիստում Վանաձոր քաղաքի զարգացման ծրագրի քննարկման, Լոռու մարզի պատվիրակության Աջարիայի ինքնավար հանրապետություն և Ռումինիայի Հարգիտա մարզ կատարած աշխատանքային այցերի մանրամասներին:
-Նման այցերը ինքնանպատակ չեն. ճանաչողական նշանակությունից զատ, միմյանց փորձի ուսումնասիրության, հնարավոր փոխհամագործակցության, ներդրումային հնարավորությունների ճշգրտման, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման հնարավորություն են ընձեռում: Եվ Աջարիայում, և՛ Ռումինիայում առանձնապես տպավորիչ էր տնտեսվարողների հետ տարվող աշխատանքների լրջությունն ու նպատակասլացությունը, գործնական ծրագրերի, հեռանկարային մտահղացումների իրատեսականությունը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, թե լուրջ մոտեցման դեպքում ինչպիսի կարող ուժ են հյուրընկալած երկրների առևտրաարդյունաբերական պալատները, որոնք, ցավոք, մեր պարագայում ավելի շատ ձևական բնույթ են կրում,-ասաց Ա. Նալբանդյանը:
Այս տեսակետից մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց լրջագույն աշխատանք տանել Լոռու մարզի արդյունաբերողների հետ, ռումինական փորձը հնարավորինս արմատավորել նաև Լոռու մարզում:
-Ինձ պարզապես զարմացնում է մեր որոշ տնտեսվարողների անտարբեր վերաբերմունքը սոցիալական կայքերի բիզնես հնարավորություններն օգտագործելու հարցում,-ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանը նշեց, որ մեծ հույսեր է կապում վերջերս ՀՀ վարչապետի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մարզի և մասնավորապես Վանաձոր քաղաքի տնտեսական զարգացմանն առնչվող քննարկումների և նախանշված ծրագրերի հետ: Ըստ նրա, հիմնավորված ծրագրերի ներկայացման դեպքում կառավարությունն առաջիկայում 20-25 մլն ԱՄՆ դոլար արժողության ենթակառուցվածքային ծրագրեր կներդնի մարզկենտրոնում:
Մարզպետը անդրադարձավ նաև մարզում աղբահանության, վարձավճարային քաղաքականության հարցերի վերաբերյալ գործադիրում կատարված քննարկումներին ու ներկայացված պահանջներին: Նա համապատասխան ծառայություններին հանձնարարեց մարզի հատկապես խոշոր համայնքներում ուսումնասիրել համայնքապետարանների և իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների միջև աղբահանության վերաբերյալ կնքված պայմանագրերը, բացահայտել և շտկել խախտումները:
Քանի որ առջևում ՀՀ անկախության հերթական տարեդարձն է, ապա տարեցների միջազգային օրն ու ուսուցչի տոնը, մարզպետը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ամենուրեք, համայնքապետարանների հետ համագործակցված, պատշաճ միջոցառումներով անցկացնել տոնակատարությունները: Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը հանձնարարական ստացավ պարգևատրման համար մարզպետին ներկայացնել մարզի 30 լավագույն ուսուցիչների ցանկը: Ավանդույթի համաձայն կմեծարվեն և դրամական պարգևի կարժանանան նաև մեկ դարը բոլորած մարզի բոլոր տարեցները:
Խորհրդակցությանն արծարծվեցին նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կադրային փոփոխություններին, քաղաքաշինական ծրագրերին, պետական և համայնքային սեփականության հողամասերի օգտագործման արդյունավետությանը, սեփական եկամուտների հավաքագրմանը, բերքահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Ա. Նալբանդյանը տվեց այլ հանձնարարականներ ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09