Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի զարգացման խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում
07.09.2017
Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները, քննարկվել են մարզին առնչվող այլ հարցեր ևս:
Այնուհետև վարչապետի գլխավորությամբ կառավարությունում Լոռու մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը այլևայլ հարցերի թվում քննարկվել են նաև Վանաձոր քաղաքի տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Վանաձորի զարգացմանը, կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքի զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության խթանման ուղղություններով:
Վարչապետին զեկուցվել է, որ վերջերս Վանաձոր է այցելել իտալացի ճարտարապետների խումբ, որը պատրաստվում է հոկետեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկայացնել Վանաձորում քաղաքաշինական լուծումներ առաջարկող փաթեթը:
Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և քաղաքի կառավարիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի զարգացման նախագիծը՝ հաշվի առնելով Վանաձորի առավելություններն ու ներուժը, այդ թվում՝ զբոսաշրջային պոտենցիալը: