Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն ընդունեց Փասադենայի պատվիրակությանը

06.09.2017

 Քույր քաղաքների կարգավիճակով բարեկամության ու փոխհամգործակցության հուշագիրը Վանաձոր և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայաշատ Փասադենա քաղաքների միջև ստորագրվել է դեռևս 1992 թվականին: Անցած 25 տարիներին եղել են փոխայցելություններ, մշակութային փոխանակություններ, փասադենացի բարեկամները իրենց ներդրումն են ունեցել Վանաձորի կրթական ու նախակրթական հաստատություններին նյութական աջակցության հարցում:
Սեպտեմբերի 4-5-ին հերթական ճանաչողական այցելությամբ Վանաձորում էր Փասադենայի պատվիրակությունը քաղաքապետ Թերի Թորների գլխավորությամբ: Ստվար պատվիրակության կազմում էին փոխքաղաքապետ Ջոն Քենեդին, Փասադենայի գանձապահ Վիգեն Երգանյանը, միասնական դպրոցական վարչության տնօրեն Վրույր Բուլղուրջյանը, Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հանդոյանը, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հայրապետյանը, այլ պաշտոնյաներ:
Սեպտեմբերի 5-ին մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց հետ ամերիկացի գործընկերներին ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ջերմ, անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում մարզի ղեկավարն ու Փասադենայի քաղաքագլուխը խոսեցին իրենց տարածաշրջանի առանձնահատկություններից, ներկայացրին տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, հանդես եկան մի շարք ոլորտներում քույր քաղաքների միջև փոխհամագործակցության առաջարկություններով: Ա. Նալբանդյանն իր շնորհակալությունը հայտնեց փասադենացի բարեկամներին՝ Վանաձորի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Հանդիպման ավարտին բարեկամ-գործընկերները միմյանց նվիրեցին ինքնատիպ հուշանվերներ:
Օրվա երկրորդ կեսին ամերիկացի բարեկամներին ընդունեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Երկօրյա այցելության ընթացքում փասադենացի բարեկամներն այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Գուգարաց թեմի առաջնորդարան, Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի հուշաքարին, Վանաձորի թիվ 3,4,5,8 և 33 նախակրթարաններում ծանոթացան Փասադենայի կողմից նվիրաբերած միջոցներով կատարված բարենորոգման աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36