Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Լոռու մարզի պատվիրակության պաշտոնական այց Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության
05.09.2017
Տասնամյակների վաղեմություն ունի Աջարական հանրապետության մայրաքաղաք Բաթումիի և Վանաձորի միջև հաստատված բարեկամությունն ու փոխհամագործակցությունը: Պարբերաբար կատարվել են փոխայցելություններ, մասնակցություն՝ մշակույթի, արվեստի ու մարզական համատեղ միջոցառումներին:
Սեպտեմբերի 2-ին Աջարական Ինքնավար Հանրապետության վարչապետ Զուրաբ Պատարաձեի հրավերով Բաթումի այցելեց Լոռու մարզի պատվիրակությունը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակը երկու տարածաշրջանների միջև ամենաընգրկուն փոխհամագործակցության նոր հնարավորությունների հստակեցումն էր:
Լոռու պատվիրակությանը նախ հյուրընկալեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետը, Գերագույն Խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, ապա հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարը: Հանդիպումներին ներկա էին Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի, փոքր և միջին բիզնեսի ասոցացիայի, բիզնես ոլորտի և տուրիզմի դեպարտամենտի պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ, որի ընթացքում կողմերը նախ ներկայացրին ինչպես տնտեսության, այնպես է զբոսաշրջության, մշակույթի ու սպորտի զարգացման ուղղությամբ առկա հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը ինչպես նաև ուրվագծեցին նշյալ ոլորտներում առաջիկա հնարավոր փոխգործակցությունը: Կողմերը եկան այն համոզման, որ հետևողական աշխատանքի դեպքում ինչպես նշյալ, այնպես էլ ուրիշ ոլորտներում բազմակողմանի, փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ կընձեռվեն: Հյուրերի համար հատկապես ուսանելի էր աջարացիների փորձն ու ձեռքբերումները հատկապես զբոսաշրջության ոլորտում: Հյուրընկալողներին էլ հետաքրքրեց հատկապես էկոբնամթերքի արտադրության ոլորտում Լոռու տարածաշրջանի կարողությունները:
Հադիպումների ընթացքում գործնական խոսակցություն ծավալվեց նաև Վանաձոր-Բաթումի, Ալավերդի-Քոբուլեթի, Սպիտակ-Խելվաչաուրի և Ախթալա-Չաքվի քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների էլ ավելի սերտացման, նոր հնարավորություններ ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:
Սեպտեմբերի 2-ին Լոռու պատվիրակությունը մասնակցեց Բաթում քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը, ապա քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բավականին բովանդակալից բարեկամական այցի ընթացքում կողմերը փոխանակեցին հուշանվերներ, Լոռու մարզպետն էլ փոխադարձ այցով Լոռու մարզ հրավիրեց Աջարիայի վարչակազմի ղեկավարին:
Լոռու պատվիրակության Աջարական Ինքնավար Հանրապետություն կատարած երկօրյա այցը հնարավոր եղավ Բաթումիում ՀՀ հյուպատոսության աջակցության շնորհիվ: