Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

04.09.2017

Սեպտեմբերի 4-ին Լոռու մարզպետարանում աշխատակազմի հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Ամփոփ տեղեկատվություն ներկայացնելով անցած շաբաթվա հանձնարարականների կատարման վերաբերյալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը նշեց, որ հետևողականորեն կատարվում է մարզի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին պայուսակներով և գրենական պարագաներով ապահովելու՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականը: Գործընթացը շարունակական է լինելու, ներկա պահին մարզպետարանի հետ փոխհամաձայնությամբ անապահովների առանձին խմբերին դպրոցական պարագաներ է բաշխվում Վորլդ Վիժըն ԲՄԿ-ի կողմից:
Նա անդրադարձավ նաև ներառական կրթական համակարգին անցման փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքին և գործընթացը լիարժեք իրականացնելուն ուղղված առաջիկա ծրագրային անելիքներին:
Սեպտեմբերի 1-ից Լոռու մարզում ևս մեկնարկեց պարտադիր միջնակարգ կրթության արմատավորման կառավարական ծրագիրը: Այս ուղղությամբ ձեռնարկված նախապատրաստական աշխատանքների, հատկապես գյուղական համայնքներում հընթացս ծագող դժվարությունների մասին էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի զեկույցը: Նա մտահոգություն հայտնեց, որ շատ գյուղական համայնքների ղեկավարներ անմասն են գործընթացին մասնակցությանը և հիմնական բեռը թողել են դպրոցի վրա, և որ համապատասխան լծակներ պետք է գործի դնել համապետական այս պատասխանատու գործառույթում նրանց մասնակցությունն ապահովելու համար: Վարչության պետը դրական տեղաշարժ համարեց նախորդ տարվա համեմատությամբ առաջին դասարանցիների թվի աճը 24 միավորով: Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով, մարզում առաջին դասարան են հաճախել 3247 առաջին դասարանցիներ:
Ութ ամիսների կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրման պատկերը ներկայացրեց Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Ըստ բանախոսի, չնայած նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ աճին, ընդհանուր առմամբ 8 ամիսների պլանային առաջադրանքը թերակատարվել է 94 մլն դրամի չափով, որի զգալի մասը՝ 30 մլն դրամ, բաժին է ընկնում մարզկենտրոնին: Թերակատարվել են նաև գույքի, հողի և գույքի վարձակալման առաջադրանքները:
Այս կապակցությամբ Արսեն Դարբինյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին պարտադրեց լինել հետևողական բաց թողնվածը շտկելու համար:
-Պահը նպաստավոր է, բերքահավաքի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և հատկապես գյուղերի բնակչությունը հնարավորություն ունի բերքի իրացումից ստացված եկամտից միջոցներ հատկացնելու պարտադիր հարկային պարտավորությունների կատարմանը,-ասաց նա:
Խորհրդակցությանը հաճելի նորություն հաղորդեց Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
-Անցած ուրբաթ օրը անց է կացվել պետբյուջեից հատկացված շուրջ 291 մլն դրամ գումարի սահմաններում Վանաձորի փողոցների ասֆալտապատման համար հայտ ներկայացրած շինկազմակերպությունների մրցույթ և ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 15-ից Վարդանանց, Զորավար Անդրանիկ, Երևանյան խճ, Հալաբյան, Աղայան, Շինարարների, Դեմիրճյան Թումանյան, Նժդեհի և այլ կենսական կարևորության փողոցներում կսկսվեն լայնածավալ բարեկարգման աշխատանքներ,-ասաց նա:
Բերքահավաքի ընթացքի և գյուղատնտեսական այլ աշխատանքների ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Որոշ բացառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ նա գյուղատնտեսական տարին համարեց բարեհաջող:
Խորհրդակցությանը արծարծվեցին նաև այլ օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:16:39