Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելեց Մարգահովտի դպրոց

01.09.2017

 Մեկնարկեց 2017-2018թթ նոր ուսումնական տարին: Ինչպես ամենուր, այնպես էլ Լոռու մարզի դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում, բուհերում գիտելիքի օրը նշվեց մեծ հանդիսավորությամբ, տոնական բարձր տրամադրությամբ։ Այն առանձնակի տոնական էր հատկապես ուսումնական տարվա առաջնեկների՝ առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար: Ուսումնական տարվա նախօրեին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնականներին, մանկավարժներին ու դասախոսներին շնորհավորական ուղերձ հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ հարյուրավոր դպրոցականների պայուսակներ և գրենական այլ պարագաներ պարգևելով «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից:
2017թ. սեպտեմբերի 1-ը անմոռաց կմնա հատկապես Մարգահովտի միջնակարգ դպրոցի աշակերտերի ու մանկավարժների կյանքում, ուր նոր ուսումնական տարին նշանավորվեց լիովին հիմնանորոգված մարզադահլիճի և «Սմարթ» դասարանի բացմամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, այլ պաշտոնյաներ, նշյալ կառույցներին իրենց մասնակցությունը բերած բարերարներ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասելով մդպրոցի աշակերտությանն ու մանկավարժներին, գյուղի հանրությանը մարզի ղեկավարը նաև իր երախտիքն արտահայտեց նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան նորակառույցների կառուցման գործում: Ի հավելումն, նա Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց Մարգահովիտ համայնքի ղեկավար Սեյրան Անանյանին, դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանին, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամին, ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան ներկայացուցչությանը, Սարուխանյան բարերար ընտանիքին, Մարգահովտի երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությանը, կառուցապատող «Ալեքթերմ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Հարությունյանին:
-Միայն գիտելիքով զինված մարդն է անպարտելի,-դիմելով դպրոցականներին ասաց մարզպետը, վստահեցնելով, որ վաղվա օրն ավելի պայծառ է լինելու: Բոլոր առաջին դասարանցիներին Ա. Նալբանդյանը պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրաբերեց:
Ապա մարզի ղեկավարը ուղեկիցների հետ ուղղվեց լավագույնս կահավորված «Սմարթ» դասարան, ուր այդ պահին իրենց առաջին դասն էին անցկացնում բարձր դասարանցիները, հետո ծանոթացավ հիանալի պայմաններով հագեցած մարզադահլիճին: Արթուր Նալբանդյանը մարզական նոր հաջողություններ մաղթեց մարգահովտցիներին, որոնք փայլուն ավանդույթներ են ունեցել ամենատարբեր մրցահարթակներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36