Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2017

Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Եվ քանի որ ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար, ուստի, առաջին հերթին իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում նրանց ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:
Ամեն ազգ կամ ժողովուրդ չէ, որ կարող է պարծենալ ավելի քան 1600 ուսումնական տարի ունենալու փաստով, վաղ միջնադարից ցայսօր համաշխարհային գիտության մեջ իր երևելի գիտնականների ներդրած ավանդով: Սա ոչ միայն հպարտություն է, այլև պատասխանատվություն՝ նախորդ և գալիք սերունդների առջև:
Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր-օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Դա գիտակցելով էր, որ մենք այս տարեսկզբից մարզում նախաձեռնեցինք «Սմարթ» դասարանների ձևավորման իրականացման գործընթացը: Առաջին փուլում, որն ընդգրկում էր առաջին կիսամյակը, «Սմարթ» դասարաններ ձևավորվեցին և գործում են մարզի թվով 12 դպրոցում, երկրորդ՝ ընթացիկ փուլում, նախատեսում ենք այդպիսի դասարաններ հիմնել ևս 5 դպրոցում: Մենք լիահույս ենք, որ ներդրված միջոցների ու ջանքերի արդյունքը տեսանելի կլինի մոտ ապագայում, և դա օրինակ կծառայի շատերի համար:
Հարգելի բարեկամներ, մատաղ սերնդին հասցեագրվող յուրաքանչյուր մաղթանք, որպես կանոն, ուղեկցվում է օրհնությամբ, ուստի, կրկին շնորհավորելով նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության տարիք ունեցողները մշտապես լինեն իրենց ծնողների ու դաստիարակների օրհնանքի ներքո: Խաղաղ երկինք ձեզ և առաջադիմություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59